19-ամյա Գրիգոր Թամազյանը սովորում է ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում, աշխատում է Blognews.am կայքում և միևնույն ժամանակ զբաղվում է բլոգինգով: «Բլոգի մասին առաջին անգամ լսեցի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հաղորդաշարի` բլոգին նվիրրված հաղորդմումից 2009-ի սկզբին, – իր բլոգում գրել է Գրիգորը, – Շատ հետաքրքիր թվաց բլոգ ունենալը, և ոգևորված PIGH.LIVEJURNAL.COM-ի հաջողություններով՝ գրանցվեցի «լիվեջուրնալ»-ում»: Գրիգորը երբեք էլ գրել չի սիրել, դպրոցում գրած շարադրություններն էլ կարծում է՝ ամենավատն էին, դրա համար էլ փորձեց առաջնորդվել «Не умеешь писать – стань блоггером» կարգախոսով, ինչն էլ տվեց իր դրական արդյունքը. «Oգնեց ազատ արտահայտվելուն, հիմա ինչ միտքս գալիս է, գրում եմ, չնայած սիրում եմ լակոնիկ լինել. թվիթեր միկրոբլոգն իսկը իմ տեղն է, ուղղակի Հայաստանում օգտվողները ակտիվ չեն այնտեղ», – ասում է Գրիգորը: Թեև ազատ արտահայտվելը երբեմն նաև «վնասակար» է լինում. «Մեկ-մեկ մարդ կա նեղանում ա, բայց պետք է գիտակցեն նաև, որ բոլոր մարդիկ չեն կարող լինել միակարծիք: Օրինակ՝ եթե դու պաշտում ես Ջեքսոնին, չպետք է մեղադրես ինձ՝ նրան չսիրելու համար», – նշում է նա: Բլոգում արծարծվող թեմաները տարբեր են՝ ստեղծագործություններից մինչև քաղաքական վերլուծություններ: Ժամանակի ընթացքում փոխվել են Գրիգորի հետաքրքրությունները. նախկինում սիրում էր գրել երիտասարդկան թեմաներով, իսկ հիմա փորձում է քաղաքական վերլուծություններ անել, հասարակության ներսում եղած խնդիրներ վեր հանել և ակտիվ մասնակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Արձագանքներ միշտ լինում են, քննարկումներն ու քննադատություններն էլ անպակաս են. «Լինում են մարդիկ, ովքեր համաձայն են, լինում են, որ ոչ: Սիրում եմ, որ հոդված գրելուց հետո քննարկում է ծավալվում թեմայի շուրջ, ձգտում եմ պահպանել այդ ինտերակտիվը, ընթերցողի հետ բանավեճը, ի վերջո, ճշմարտության բացահայտման գլխավոր մեթոդներից է բանավեճը, Հին Հունաստանում դա կոչվում էր Մաևտիկա, – նշում է Գրիգորն ու հավելում, – ի դեպ, հունական արմատներ ունեմ, փորձում եմ հայ-հունական հարաբերությունների հարցերում ևս ակտիվություն ցուցաբերել»: Մյուս բլոգներից տարբերվելու համար՝ ոչինչ չի անում, ասում է. «Բլոգը մարդու պատկերացումն է, աշխարհայացքը, նույն հայացքը դեպքերին՝ մի ուրույն դիտանկյունից, դժվար լինեն նմանություններ բլոգների միջև, նմանություններ ընթերցողը կնկատի»: Գրիգորը, թեև մեծ նշանակություն է տալիս ընթերցող-բլոգեր կապին, սակայն կան թեմաներ որոնց չի անդրադառնա նույնիսկ ընթերցողի մեծ ցանկության դեպքում. «Եթե ընթերցողին հետաքրքրում է մի շարքային թեմա ինչ- որ աստղի մասին, ապա չեմ գրի էժանագին նյութ, ինչ է, թե այն կունենա մեծ կարդացվածություն», – ասում է նա:
Տիգրանուհի Թասլակյան