Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջեւ նախատեսված դասադուլը տեղի չունեցավ:
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները այդպես էլ բակ դուրս չեկան:
«Հիմա մենք` որոշներով, կհավաքվենք ու մեր պահանջը հստակ կներակայացնենք մեր ղեկավարությանը եւ, իհարկե, հետամուտ կլիեննք, որ մեր պահանջն իրականանա»,- երեկ հայտարարել էր ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Ալոյանը` դատապարտելով ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի` նախօրեին զորք ու ախալքալակցի տղերքին կանչելու փաստը:
Հիշեցնենք, որ կիրառականի մի խումբ ախալքալակցի ուսանողներ,Մելքոնյանի քայլից վրդովված, երեկ բարձրացրել էին նրա հեռացման հարցը ու ստորագրահավաք կազմակերպել:
Կարդացեք նաև
Այսօր արդեն Ա. Ալոյանը հրաժարվեց իրենց սկսած պայքարի ընթացքի մասին խոսել, միայն ասաց, որ գրավոր իրենց պահանջը ներկայացրել են ղեկավարությանը:
Ա. Ալոյանը նաեւ հորդորում էր նաեւ ֆակուլտետի ուսանողին չխոսել: Բայց կիրառական ֆակուլտետի ուսանողներից մեկը` Արմենը անկեղծացավ. Որ ինքը երեկ նաեւ քաղաքական պահանջներ բարձրացնելու էր դուրս եկել: Նրա պատմելով, իրենք այսօր իրենց պայքարից հետ են կանգնել, «Որովհտեւ լրիվ ինչ-որ մեկի անունի տակ գնաց»;
Նա նաեւ կարճատեւ զրույց ունեցավ դասադուլի կոչ անողներից մի երիտասարդի հետ ու մեղադրեց նրանց, որ երեկ իրենց կողքին չկանգնեցին. «Ձեզ համար հաճելի՞ էր, որ երեկ ասացին կիրառական առանձնացեք, բա ինչի երեկվա ձեր ժողովուրդը եկան լրիվ ուրիշ բան խոսեցիք… դուք դրա հետ համակերպվեցիք»:
Aravot.am-ը զրուցեց նաեւ ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հետ: Նա վստահեցրեց, որ ուսանողների վրա ճնշումներ չեն եղել ու ասաց` չգիտի, երբ է ռեկտորը քննելու կիրառականի ուսանողների գրավոր բողոքը. «Ռեկտորի հաղորդագրությունից դուք կտեղեկանաք: Ուսանողների խնդիրները քննվել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ