ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գոհ է հետընտրական իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովում ընթացող բանակցություններից՝ հատկապես հարցի ընկալումից: Այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ սա «քաղաքակիրթ լուծումներ գտնելու ամենաճիշտ ճանապարհն» է: Ա.Ռուստամյանի խոսքով՝ Աժ-ում ընթացող բանակցությունները չեն կարող առանձին գործընթաց լինել, իսկ Ազատության հրապարակի շարժումն՝ այլ գործընթաց: Այդ մասին նա խոսեց` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ան հարցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կիսում մոտեցումը՝ խորհրդարանական քննարկումերով հետընտրական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: «Ժառանգության» անդամներն ասացին, որ խմբակցությունն ինքնուրույն է գործում: «Ժառանգություն» խմբակցությունը չի կարող կուսակցությունից առանձին գործել»,- ընդգծեց Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի հավաստմամբ՝ բանակցությունները հաջողություն կունենան կոնկրետ հարցերի լուծման միջոցով ՝քաղաքական օրակարգի և ճանապարհային քարտեզի ձևավորմամբ:
Ա.Ռուստամյանը վստահեցրեց, որ Դաշնակցությունը չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի վերջը չի տեսնում: «Հայաստանում պետք է հաստատել ժողովրդի իշխանություն, և այդ ճանապարհի սկիզբն այն երեք կետերն են, որոնք ներկայացվել են իշխանություններին: Առկա երեք կետերից ոչ մեկը չպետք է առանձնացնել, այն պետք է դիտարկել միասնական փաթեթով»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նա նաև հստակեցրեց, որ 2008-ին ՀՅԴ-ն չկանգնեց ընդդիմության կողքին, որովհետև գործընթացի վերջը չէր տեսնում: «Մենք ասում էինք, որ դա արյունահեղության ճանապարհ է, և մենք ճիշտ էինք, մինչ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 10 անմեղ զոհերի համար, դրանից շահե՞ց մեր պետությունը: Իսկ հիմա օրինական ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրված և կա կոնկրետ քաղաքական օրակարգով առաջ գնալու հնարավորություն»,- ընդգծեց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ որևէ նպատակ չի կարող արդարացնել արյունահեղությունը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ Դաշնակցությունն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, բայց թեկնածուի առումով վերջնական որոշում չկա: Ա.Ռուստամյանի խոսքով՝ այս պարագայում էլ նախընտրելի է միասնական ճակատով պայքարելու ձևաչափը, քանի որ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա թե ակամա դարձավ միասնական թեկնածու՝ ողջ ընդդիմադիր ընտրազանգվածը ինքնակազմակերպվեց և ընտրեց Ր.Հովհաննիսյանին, իսկ թե այդ ձայների որ տոկոսն է հենց Ր.Հովհաննիսյանինը, հիմա, նրա դիտարկմամբ, այդքան էլ էական չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ