Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Խորհրդարանի գործընթացները կապ չունեն իմ մոտեցման հետ»

Մարտ 01,2013 13:10

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացօթյա մամուլի ասուլիսը սկսեց Մարտի 1-ի 10 զոհերի անունները թվարկելով. «Քանի Աստված ինձ եւ մեզ կյանք տա, Մարտի 1 պարզապես թույլ չենք տալու եւ ով կազմակերպեց՝ պատասխանատվություն պիտի կրի»:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Խորհրդարանի գործընթացները կապ չունեն իմ մոտեցման հետ: Ես պատրաստ եմ ողջունել երկխոսությունը, համագործակցությունը: Ես ներկայացրել եմ պարոն Սարգսյանին իմ մոտեցումները, նա մերժել է: Եթե նա ունի այս համազգային տագնապը հաղթահարելու իր լուծումները՝ պատրաստ ենք լսել»:

Հարցին՝ այսինքն Ռուբեն Հակոբյանը առանց ձեր իմացությա՞ն է գործում՝ նա պատասխանեց. «Մեր խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորների հետ ես հաղորդակցության մեջ եմ, տեղյակ եմ, թե ինչ է տեղի ունենում խորհրդարանում: Դա մեր ինքնիշխան պատվիրակության ֆրակցիայի հայեցողության տիրույթում է: Իրենք եթե կարողանան առաջարկել պարոն Սարգսյանին այս տագնապի լուծման որեւէ բանական ասելիք, թող անեն»:

Տարբեր քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ Դուք կկորցնեք վերահսկողոթյունը գործընթացների նկատմամբ: Հաշվի առնելով, որ Դուք պնդում եք, որ դասադուլի հետ կապ չունեք, Դուք այսօր նման մտավախություն չունե՞ք, որ կկորցնեք վերահսկողությունն ու չեք կարողանա կառավարել իրավիճակը: Aravot.am-ի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նման մտավախություն չունեմ, կարծում եմ, որ երեկվա հրապարակը նույնը կամրագրի, մենք մեզ պիտի պատրաստենք ոչ թե ակնթարթային լուծումների, որովհետեւ գիտենք ինչն է վիճակը, ում հետ գործ ունենք, ինչ ընտրություններով անցանք: Ժողովուրդը պիտի պատրաստ լինի հետեւողական երկարատեւ պայքարի: Ոչ մեկը իրավունք չունի մեր ուսանողներին խոսք ասել, պատժել: Հենց այդ ուսանողները պետք է լինեն համալսարանում եւ ընտրախախտ շեֆերը պետք է դուրս գան»:

Մենք հետաքրքրվեցինք, թե երեկ 3 հարց ուղղեցիք ժողովրդին, ո՞րն է օրակարգի հաջորդ հարցը, որը պետք է ուղղեք մարդկանց՝ տեսնելու տրամադրվածությունը: Պարոն Հովհաննիսյանը հստակեցրեց. «Թյուրիմացություն չլինի. երեկ մենք պարզապես խորհուրդ արեցինք ժողովրդի հետ: Որոշ որոշումներ կան, որոնց հետ դուք կարող է համաձայն չլինեք, կարող է լինի որոշում, որի հետ ես համաձայն չլինեմ: Այդ հարցերի շուրջ եղավ քվեարկություն, վաղը կամ մյուս օրը կլինի որոշում՝ այդ հարցերի վերաբերյալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031