Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյանը`Գալուստ Սահակյանին. «Թող մեր մասին չմտածեն»

Մարտ 01,2013 12:30

«Իշխանության առաջարկություններն, իսկապես, ողջամիտ չեն, քանի որ, ցավոք, իշխանությունը չի գիտակցել որ խոսքը մեկ-երկու պորտֆելի մասին չէ: Առավել եւս, որ մենք գիտենք`ինչպե՞ս են այդ մեկ-երկու պորտֆելը ստանում եւ դրա համար բոլորովին էլ պարտադիր չէ ընտրություններին մասնակցելը: Ցավալի է, որ գիտակցումը չկա, որ խոսքը համակարգայինի մասին է: Այսօր էլ այդ կառավարությունում շատ նորմալ, պրոֆեսիոնալ մարդիկ, բայց այդ համակարգը, այդ խաղի կանոնները, որն ունի իշխանությունն ու կառավարությունը, որ մարդիկ որոշակի ոլորտներում կոռուպցիոն ղեկավարներ դառնան, կամ լավագույն դեպքում չեզոքանան եւ չխոչընդոտեն կոռուպցիայի զարգացմանը: Մենք գտնում ենք, որ այն առաջարկությունները, որ արվում են`կաբինետում որոշակի ոլորտների պատասխանատվություն ստանձնել, անլուրջ են»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին`ի վերջո ներքաղաքական իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում են պատկերացնում, այն պարագայում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանին, մինչդեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած «ողջամիտ առաջարկներին» https://www.aravot.am/2013/02/27/208777/բացասական արձագանքեց: Հակոբյանն ասաց, որ դա այն ճանապարհը չէ, որով Հովհաննիսյանի թիմը գնալու է`երկրում փոփոխությունների հասնելու համար:

«Այսօր մարտի մեկն է: Բոլորդ, կարծում եմ հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ հինգ տարի առաջ՝ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ստանձնեց պաշտոններ, մասնակից դարձավ իշխանությանը, գնաց այդ ճանապարհով եւ դրանով մասնակից դարձավ այսօրվա հանցագործությունների նույնպես: Եթե գնում են այդ ճանապարհով`հանցակցում են գողերին, ավազակներին: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, ես այլ կերպ չեմ կարող բնորոշել»,- հավելեց Զարրուհի Փոստանջյանը`խորհուրդ տալով հրաժարականներ տալ, քանի որ. «Իրենց խմբի ղեկավարն իրենց ուշ թե շուտ հանձնելու է: Մենք դրա ականատեսն ենք եղել անցած հինգ տարիների ընթացքում: Այն մարդիկ, ովքեր իր համար գողացել էին, կեղծել էի, այսօր այդ ասպարեզից դուրս են մղված: Գողի հետեւից մենք ընկած ենք, գողն այս անգամ չի փախչելու, ինքը մեկուսացված կարող է մնալ, բայց թույլ չենք տալու, որ մեր քվեն գողացած գողը փախչի»:

Ռուբիկ Հակոբյանը «մի քիչ լուրջ» չի ընդունում Գալուստ Սահակյանի գնահատականնրը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը»  հինգ տոկոսից պակաս կհավաքի: «Թող մեր մասին չմտածեն»,- ասաց Հակոբյանը`վստահեցնելով, որ «Ժառանգությունը» կտասնապատկի իր քվեները:

Նույն կարծիքին է նաեւ Թեւան Պողոսյանը`վկայակոչելով անգամ «կեղծված նախագահական ընտրություններում» «Ժառանգության» հավաքած ձայները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031