Հատված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից:
– Հետընտրական վիճակին «խառնվել» են նաև ուսանողները։ Դուք ինչպե՞ս եք գնահատում քաղաքականությանը նրանց մասնակցության այս ձևը։
– Հանրահավաքներին մասնակցելը յուրաքանչյուրի, այդ թվում՝ ուսանողի սահմանադրական իրավունքն է, այնպես, ինչպես գործադուլ կամ դասադուլ անելը։ 25 տարի առաջ շարունակական դասադուլների մասնակից ես էլ եմ եղել, նույնիսկ գիշերել եմ Ազատության հրապարակում։ Սակայն այն ժամանակվա ու այսօրվա իրականությունները լրիվ տարբեր են։ Մեր ասելիքը տեղ հասցնելու ոչ մի ճանապարհ չկար, իսկ այսօր ուղիները բազմազան են։ ԶԼՄ-ներն էլ շատ օպերատիվ, արագ արձագանքում են կատարվածին։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրահավաքները հիմնականում դասերից ազատ ժամերին է անում, ու չեմ հասկանում, թե դասադուլների իմաստը որն է։ Այս ամենի նպատակը բուհերի աշխատանքները կաթվածահար անելն է։ Անկախ ամեն ինչից, կա կրթական ծրագիր, և ուսանողները պիտի դրան մասնակցեն։ Չհաճախելով՝ իրենք իրենց համար որոշակի խնդիրներ են ստեղծելու։
– Ի դեպ, կա մի ցցուն օրինակ, այսօր տարիքով մարդիկ բժշկի գնալիս մի մտահոգություն ունեն, հանկարծ «չընկնեն» այն բժշկի ձեռքը, որն անցել է դասադուլների «բովով»։
Կարդացեք նաև
– Երկրորդեմ. մեծ տարբերություն կար այն ժամանակների ու այսօրվա դասադուլների միջև։ Առավել ևս, որ նպատակները խիստ տարբեր են։ Այն ժամանակ տարիներով փայփայված համազգային նպատակ ունեինք։ Իսկ որ ուսանողների կրթության որակի վրա ազդեցություն կունենա դասադուլը, միանշանակ է։ Եվ ի վերջո, դասադուլը ծայրահեղ միջոց է։ Չեմ կարծում, որ այսօր նման ծայրահեղ մեթոդներով պայքարի անհրաժեշտություն կա, որովհետև, եթե հանրահավաքի են ուզում մասնակցել, կարող են իրացնել այդ իրավունքը։ Այսօր նաև ագրեսիվ հռետորաբանություն կա այն երիտասարդների շրջանում, ովքեր այդ ակցիային մասնակցում են։ Ավելին, երբեմն վիրավորում են այն ուսանողներին, ովքեր մասնակցում են դասապրոցեսներին։ Պիտի հարգել նաև վերջիններիս իրավունքը։ Եթե կոչով դիմում են դասադուլ կամ այս կամ այն արեք, հասկացանք, պարզապես չի կարելի անցնել կոռեկտության սահմանը և պարբերաբար պիտակավորել մյուսներին՝ իրենց նկրտումներն իրականացնելու համար։ Իսկ այս ամենը, մեղմ ասած, տաճար տանող ճանապարհ չէ։ Ուսանողներին ինչ-որ կերպ հրահրելը, ի վերջո, լավ բանի չի հանգեցնելու։ Նյարդեր են, կարող են տեղի տալ, ու միջադեպերից հնարավոր չի լինի խուսափել։
– Այլ խոսքով, ուսանողներին փորձում են «օգտագործե՞լ»։
– Չէի ցանկանա նման բան ասել։ Ամեն դեպքում, դասադուլին մասնակցողները չեն կարող բոլոր ուսանողների անունից հանդես գալ։ Ինձ անընդունելի է, երբ իրենք իրենց իրավունքներից են խոսում, իսկ այլոց իրավունքները հարգելն ընդհանրապես մոռանում են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»