Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքն այդպես էլ հստակություն չմտցրեց Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերում։ Ամեն դեպքում՝ հետաքրքիր ելույթներ եղան։ Հեռավոր Կալիֆոռնիայից Հայաստան եկած եւ փաստացի նախագահ ընտրված Րաֆֆիի հանրահավաքում, որտեղ, ի դեպ, ելույթ ունեցավ նաեւ հեռավոր Ֆրանսիայից Հայաստան եկած Վարդան Պետրոսյանը, կարծիքներ հնչեցին, որ հեռավոր Ղարաբաղից Հայաստան եկածն իրավունք չունի զբաղեցնել նախագահի պաշտոնը, Հովսեփ Խուրշուդյանի ելույթից պարզ դարձավ՝ իրենք իրենց լավ էլ շոյված են զգացել ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հեռանկարից եւ այլն։ Ամեն դեպքում՝ վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չէ, եւ իրենք պիտի պայքարեն մինչեւ հաղթանակ, ընդ որում՝ պայքարը կարող է շատ տեւական լինել։ Մի խոսքով՝ նորմալ հանրահավաք էր. անորոշությունը պահպանվեց։
Իրավիճակը շատ ավելի հետաքրքիր է Ազգային ժողովում, որտեղ քննարկվող հարցերը, որքան էլ տարօրինակ է, բացարձակապես կապ չունեն հանրահավաքային պայքարի տրամաբանության հետ։ Ազատության հրապարակում ժողովուրդը պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է Հայաստանի նախագահը, ու հենց նա էլ պիտի ղեկավարի երկիրը, իսկ խորհրդարանում «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը պահանջում են քննարկել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցը (այդ դեպքում նախագահը զուտ խորհրդանշական ֆիգուր է դառնալու): Քննարկվում է նաեւ առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ընդ որում՝ ակնհայտ է, որ խորհրդարանի 90 տոկոսը (ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն) դեմ են դրան։ Մի խոսքով՝ ոչ մեկը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենամ։ Եթե, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»