Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թվականի հաշվետվությունը, հիմնադրամի 2013 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
Նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնվել է 254 հեկտար անտառածածկ տարածք, կառուցվել է 54 կմ ջրագիծ, 18 կմ ցանկապատ:
Ընթացիկ տարում՝ գարնանը, հիմնադրամը ծրագրում է Երևանի էրեբունի վարչական շրջանում 31 հեկտարի վրա կատարել անտառվերականգնողական աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում ևս 20 հեկտարի վրա կհիմնվի անտառածածկ տարածք:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Երևանում կատարված անտառվերականգնողական աշխատանքներին և ծրագրերին՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքն ընդհանուր առմամբ ունի 800 հեկտար անտառային ֆոնդ: Հեռուստաաշտարակի հարևանությամբ՝ 56 հեկտարի վրա տնկված անտառների կայացման հարցում արձանագրվել է լուրջ առաջընթաց, Էրեբունիում ևս հիմնվել է 65 հեկտար անտառ:
Նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, իրականացնել 200-300 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ