Ներկայացնում ենք հատվածներ 2008թ. մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի եւ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հարցազրույցներից:
ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆ
– Դեռեւս անցյալ տարի՝ դեկտեմբերին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշում կայացվեց հետաձգել մարտի 1-ի հարցերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագծի քննարկումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ամենից։
– Ես հանդիպել եմ Գագիկ Ջհանգիրյանի հետ, նա ասել է, որ մարտի 10-ին իրենք այդ հարցը դնելու են շրջանառության մեջ՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։ Կգա մարտի 10-ը, կւոեսնենք՝ իրականություն կդառնա, թե ոչ։ Ես ուրիշ բան չգիտեմ։ Բայց թե հանձնաժողովը կաշխատի մի տարի, թե երկու տարի, ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ Գ. Ջհանգիրյանը լավ իրավաբան է, ամեն ինչ կբացահայտի, կդնի սեղանի վրա, իսկ այս իշխանությունները դարձյալ կասեն՝ անհիմն է։ Նորից մեղավորներին չեն պատժելու։ ՀԱԿ-ը խոստացել է այդ հարցն ընտրություններից հետո դնել շրջանառության մեջ, բայց ասեմ, որ ես որեւէ հույս չունեմ։ Եթե այս իշխանությունները մնան եւս 5 տարի, ապա եւս 5 տարի չի բացահայտվելու, թե ովքեր են հրաման տվողները։
Կարդացեք նաև
– Կարելի է եզրակացնել, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի շատ արագ «փակեն» հանցագործությունն ու այնպես անեն, որ զոհվածների հարազատները մոռանան կատարվածը։
– Դե ինչքան էլ որ պայքարում ենք, ասում ենք, խոսում ենք, ուղղակի ժամանակ է խլում մեզանից։ Մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ինչ-որ փոքր հույսեր ունենք այդ դատարանից։ Դա է մեզ մխիթարում, էլ ոչ մի բան։
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում այս 5 տարիների ընթացքում բացահայտել այդ գործը։
– Դե դիմե՛ք նրանց, թե ինչն է պատճառը, որ չեն կարողացել բացահայտել։
– Գուցե գործը լավ չե՞ք ուսումնասիրել, բացատրել իրավապահներրն…
– Ես չեմ կարող դրան պատասխանել իրենց փոխարեն, ես ուղղակի նշեցի, որ հանձնաժողովը ֆիքսել է, որ դա չի բացահայտվել, եւ առաջարկել է այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել։
– Իսկ գուցե իշխանությունները ցանկություն չունեն բացահայտել իրական մեղավորներին։
– Դուք հարցրեք նրանց, ես չեմ կարող պատասխանել նրանց փոխարեն, կարծում եմ՝ ցանկություն ունեն, ուղղակիորեն դա չեն կարողանում։
Սոնա ԳՐՒԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»