Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորիչ, չմտածես, ամեն ինչ լավ կլինի

Մարտ 01,2013 11:11

Գալուստ Սահակյանը տարակուսած է: Ասում է՝ խորհրդարանը լուծարենք, որ ի՞նչ լինի: Ասում է՝ նախագահական ընտրությունները խորհրդարանական ընտրությունների հետ որեւէ աղերս չունեն, ինչպե՞ս կարելի է դրանք պայմանավորել մեկը մյուսով: Մեզ թվում է, սակայն, որ պարոն Սահակյանը մի քիչ խորամանկում է: Նույն հարցի հետ կապված՝ փոքրիկ խորամանկության է դիմել նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Գրեթե տառացի կրկնելով Գալուստ Սահակյանին՝ տիկին Զոհրաբյանը նույնպես կապ չի տեսնում ԱԺ արտահերթ ընտրությունների եւ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների միջեւ: Գալուստ Սահակյանի եւ Նաիրա Զոհրաբյանի այս համերաշխությունը բավականին տարողունակ թեմա է: Դրա մասին կարելի է նույնիսկ գրքեր գրել, բայց մենք իշխանությունների կողմից ընդդիմության առաջարկները քննարկելու իրողությանը կանդրադառնանք բոլորովին այլ տեսանկյունից:

Մինչ բուն ասելիքին անցնելը, մի քիչ զայրացնենք պարոն Սահակյանին: Մեր շատ սիրելի Գալուստ Գրիգորիչը համաձայն չէ՞, որ ՀՀԿ առաջնորդի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու հետ կապված այս աղմուկ-աղաղակը սուր կոնտրաստի մեջ է ԱԺ-ում ՀՀԿ-ի ճոխ ներկայության հետ: Ուրեմն Սերժ Սարգսյանը ձեզ համար նման պայմաններ ստեղծի, իսկ դուք այսպիսի նախագահական ընտրություններով վարձահատույց լինե՞ք, չկարողանա՞ք երկրում մի վիճակ ապահովել, որ ՀՀ քաղաքացին գնա ընտրատեղամաս եւ ձայնը ՀՀԿ-ի թեկնածուին տա: Այդպես չի լինի, չէ՞: Ձեռքը ձեռք պետք է լվանա, երկու ձեռքը՝ երես:

Որքան էլ փոքր է հույսը, թե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ լայն ճակատով ընդառաջ կգնա ընդդիմության առաջարկներին, միեւնույն է, այդ պահանջները մնալու են երկրի ու ժողովրդի օրակարգում: Դրանք ընտրություններով քննություն բռնած պահանջներ են, որոնց հետ հաշվի չնստել, Սերժ Սարգսյանի համար կնշանակի՝ հրաժարվել իր իսկ հայտարարությունից, թե ինքը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է: Իսկ որքանո՞վ է դա նպատակահարմար պաշտոնավարման երկրորդ շրջան ոտք դրած նախագահի համար:

Սերժ Սարգսյանն այսօր բացառիկ հնարավորություն ունի փոխելու Հայաստանի հետագա զարգացման ուղին: Նա, ցանկության դեպքում, կարող է երկիրը դնել բոլորովին այլ ընթացքի մեջ, քան է: Եվ դա՝ հանուն 800+500 հազար ընտրողի, հանուն նրանց, ովքեր մնացին տանը, ովքեր չմասնակցեցին երկրից բացակա լինելու պատճառով եւ, վերջապես, հանուն այն հայերի, ովքեր ՀՀ նախագահի ընտրություններին չեն մասնակցում այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով, բայց միշտ կանգնած են հայրենիքի կողքին:

Տպավորություն կա, որ, իբր, իշխանության կողմից ընդդիմության պահանջների կատարումը պարտություն է: Սա ՀՀԿ-ական քարացած մտածողություն է, որ պետք է արմատախիլ անել: Խոսքն իհարկե, ընդդիմության կողմից մտացածին ու անիրագործելի պահանջներին չի վերաբերում: Բայց եթե սեղանի վրա քննություն բռնած առաջարկներ են, եթե դրանք 500 հազարի առաջարկներն են, որոնք հակասության մեջ չեն 800 հազարի ցանկությունների հետ, ավելին՝ բխում են նաեւ 800 հազարի շահերից, չի կարելի դրանք անտեսել: Այդ առաջարկների քննարկումն արդեն իսկ համերաշխության եզր է, արդեն իսկ՝ միասնաբար գործի լծվելու ազդակ: Իսկ ընդդիմության այսօրվա առաջարկներն իրոք քննարկելի են, չնայած Գալուստ Սահակյանի եւ նրան ձայնակցողների տարակուսանքներին: Այդ առաջարկներն առայժմ երեքն են՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, 2 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար, եւ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաների տրամադրում: Ինչպես տեսնում ենք, չկա այնպիսի մի բան, որը կհակասի ՀՀ որեւէ քաղաքացու շահերին, եւ, հետեւաբար, այդ պահանջներն իրագործելի են: Եվ դա կարող է անել նախագահը, քանզի սպասել, որ Գալուստ Սահակյանը կամավոր կգնա իր այսօրվա ճոխ ֆրակցիայի ինքնալուծարմանը, նույնն է, թե տրոլեյբուսի կանգառում սպասես կոմունիզմին:

Ավարտելով՝ երկու խոսք էլ կցանկանայինք ասել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Այսօր ամենաշրջանառվողը ընդդիմության հենց այս առաջարկն է: Այն ենթադրում է ունենալ մի խորհրդարան, որտեղ չի լինի ձեւական կոալիցիա, որտեղ քաղաքական մեկ ուժ չի ունենա կամայականություններ անելու հնարավորություն, որտեղ որոշումները կծնվեն բառիս բուն իմաստով քննարկումների արդյունքում: Վերջապես՝ դա ենթադրում է ունենալ մի խորհրդարան, որի դուռը կառավարությունը չկարողանա քացով բացել: 100 տոկոս համամասնական ցուցակներով մաքուր ընտրություն, եւ դա, գուցե, հաջողվի: Հնարավոր է, որ հենց դա է ապահով Հայաստան տանող առաջին քայլը:

 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031