Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի. «Բարեւ, ես եմ»

Մարտ 01,2013 11:09

Իմ պատկերացմամբ, քաղաքական վերլուծությունը ոչ թե պիտի օրվա քաղաքական իրադարձություններին անդրադառնա, այլ պիտի առավել ընդհանրական հարցեր քննության առնի, բայց սկսնակ քաղաքական մեկնաբանի կարճատև փորձս ցույց է տալիս, որ լինում են գերլարված քաղաքական պահեր, երբ օրվա քաղաքական իրադարձությունը պարզապես թույլ չի տալիս շրջանցել իրեն և ընդհանրացումների գնալ:

Այժմ Հայաստանում հենց էդպիսի օրեր են: Հերթական նախագահական ընտրություններն ավարտվել են, և հերթական անգամ երկրորդ տեղը գրաված թեկնածուն ու իր համախոհները համոզված են, որ իրականում իրենք են հաղթել:

Հետաքրքիրն այն է, որ նախընտրական շրջանում ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը չափազանց հեշտ հաղթանակ է տանելու և քննադատության է ենթարկվելու մրցակցությունից զուրկ ընտրությունների իմաստով: Բայց, ինչպես երրորդ նախագահն է ասում, «խիյարը թարս բուսնեց», և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն ընտրությունների մրցակցությունն ապահովեց, այլև հիմա ինքն ու իր ընտրողները միանգամայն լրջորեն վիճարկում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Ես, որ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերի առումով ամենալավատեսներից եմ եղել, լավագույն դեպքում քսանհինգ տոկոս էի կանխատեսում, իսկ ուրիշները նույնիսկ տասնհինգ տոկոսն էլ էին շատ համարում: Ըստ ամենայնի, այդ կարծիքին էին նաև Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները, որոնք չափազանց հեշտ հաղթանակ էին ակնկալում և նույնիսկ ընտրակաշառքի առումով նախկին ակտիվությունը հանդես չբերեցին: Ես ինձ համարձակություն եմ վերապահում ենթադրել, որ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցներն էսպիսի արդյունքներ դժվար թե ակնկալեին:

Րաֆֆի Հովհաննիսյանից նմանատիպ արդյունքներ չէին ակնկալում նաև այն ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ), որոնք նախընտրական շրջանում մաքսիմալ անտարբերություն հանդես բերեցին նախագահական ընտրությունների հանդեպ, իսկ ՀԱԿ-ը իր համակիրներին նույնիսկ հորդորում էր չմասնակցել ընտրություններին: Պատկերացրեք` ինչպիսի բացահայտ առավելության կհասներ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընտրություններից կողք քաշված ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմության միասնական թեկնածու հայտարարեին: Հիմա էս միտքս գրեցի ու արդեն էս մտքիս վրա էլ եմ կասկածում, որովհետև հընթացս նաև ենթադրում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել նաև նրանք, ովքեր դեմ են ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու բոլորին:

Բոլոր դեպքերում, ես և որևէ մեկն իրավունք չունենք գլուխ գովել, թե` կարողանում ենք և ի վիճակի ենք հայոց արդի շրջանում քաղաքական կանխատասումներ անել: Հիմա նաև հիշեցի` ինչպես էինք բոլորս (գրեթե բոլորս) նախընտրական շրջանում ծաղրում Րաֆֆի Հովհաննիսյանին` Հայաստանի քաղաքացիներին մեկ առ մեկ ձեռքով բարևելու համար: Լրագրողներն ու լրատվամիջոցներն էլ էին ծաղրում: Հիմա բոլորս վերստին իմաստունի կեցվածք ընդունած` վերլուծում ենք իրավիճակը և ինքնավստահ դատողություններ ու կանխագուշակություններ ենք անում` մոռանալով, որ նախընտրական շրջանի մեր բոլոր կանխագուշակությունները փուչ դուրս եկան, որովհետև, եթե դեռևս հիշում եք, բոլորս, քաղաքական ուժերն ու լրագրողներն էլ ներառյալ, հեգնանքով մի գլուխ ասում ու կրկնում էինք, որ այս ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ոչ թե առաջին, այլ`ընդամենը երկրորդ տեղի համար, և այս ընտրությունների քննադատության հիմնական բովանդակությունն այն էր, որ այս ընտրությունները մրցակցային չեն, և Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի, և Սերժ Սարգսյանի այն կողմնակիցները, որոնք երրորդ նախագահին ու հանրապետականներին մեղադրում են վատ քարոզարշավ անցկացնելու համար, մոռանում են, որ Սերժ սարգսյանն ու իր թիմը մտածել են ճիշտ այնպես, ինչպես բոլորս ենք մտածել. այսինքն, մտածել են, որ Րաֆֆին լուրջ մրցակից չի:

Հիմա էլ ենթադրություններ ենք անում, թե ինչ ընթացք կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի և արդեն նրան առընթեր ընդդիմության պայքարը:

Գարունը եկել է, օրերը տաքացել են, և եթե նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ցանկանա, իր համար շատ դժվար է լինելու պայքարից հետ կանգնելը: Որովհետև հազարավոր մարդիկ արդեն ընկալել են Րաֆֆի Հովհաննիսյանի արժանիքները, որոնցով ինքը էականորեն է տարբերվում մեր մյուս քաղաքականներից: Եվ էականն այն է, որ իր արժանիքները քրիստոնյա մարդու արժանիքներ են: Նա կարողանում է ներել ու հանդուրժել բոլորին: Գրեթե բոլորին: Եվ չի խնայում իր բարևները: Որովհետև գիտի, որ բարևն Աստծունն է:

 

Հ.Գ. Բոլոր դեպքերում, պետք է ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով Հայաստանի քաղաքական դաշտ է մուտք գործել քաղաքական միանգամայն նոր ու միանգամայն մարդկային մշակույթ, որը նախ պետք է համակողմանիորեն ըմբռնենք ու վերլուծենք:

 

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Քաղաքականության մեջ նույնիսկ մեկ օրը կամ մեկ շաբաթը կարող է իրավիճակների մեջ արմատական փոփոխություններ մտցնել: Րաֆֆին իրականում ինքնաբուխ կերպով դարձավ միասնական թեկնածու և դա որոշեց ժողովուդը՝ քվեախցիկներ մտնելուց առաջ,ինքն իր մեջ,առանց որևէ քաղաքական գործչի կամ ուղղության ուղղորդման,որովհետև ներքուստ զգաց, որ միայն նա կարող է երկիրը տանել դեպի առաջընթաց: Սա նշանակում է,որ ժողովուրդը վերջապես լուրջ քաղաքական ուժ է դառնում,որի կողքին բոլոր քաղաքական ուժերը զրո են: Ամենաիմաստունը մեր ժողովուրդն է, նա միշտ էլի գիտի,թե ում է ընտրում և ինչի համար:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Համաձայն եմ: Այսօրվա Հայ հասարակությունը և սերունդը կարիք ունի և ցանկանում է արդեն սովետական մտածելակերպից / ուղղահայաց գործելակերպից ազատ առաջնորդ: Սա ժամանակի պահանջն էր նաև: ՀԳ. Մեծամտություն թող չլինի, բայց փետրվարի 13-ին 7or.am-ում ես հոդված եմ տպագրել` «Հայաստանի նախագահն արդեն ընտրված է. ու դա Սերժ Սարգսյանը չէ» վերնագրով,որտեղ կանխագուշակել եմ այս հետընտրական սցենարը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031