Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարծես խոսքը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր

Մարտ 01,2013 10:49

Հետընտրական շրջանում սովորաբար մարդիկ շատ զգայուն են դառնում՝ մի անզգույշ խոսք, մի սխալ քայլ, մի փոքրիկ միջադեպ կարող է դառնալ մասսայական վրդովմունքի ու բանադրանքի հիմք: Երեկ նման մի առիթ էր տվել երեւանյան սիրելի «բարդ» Ռուբեն Հախվերդյանը:

Նա անզգուշություն էր ունեցել Արցախն անվանել «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը» ու հայտնվել էր թիրախի դերում. սոցիալական ցանցերում վերջին բառերն էին գրում նրա հասցեին: Կարծես խոսքը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր, որի միայն անունը լսելիս օրեր առաջ ոմանք էքստազի մեջ էին ընկնում: Սա խոսում է այն մասին, որ ժողովրդի սիրուց մինչեւ ատելություն կես քայլ է, ու ոչ ոք երաշխավորված չէ եւ սիրո, եւ ատելության առարկա դառնալուց: Այս տեսանկյունից ի՞նչ է սպասվում Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարողանալո՞ւ է նա արդարացնել իր հետ կապած հույսերը, իր բազմահազար ընտրողների ակնկալիքները, թե՞ վաղը հայտնվելու է դավաճանի, ժողովրդին հուսահատության մատնած ձախողակի դերում: Եթե անգամ նահանջելու է, կարողանալո՞ւ է դա անել այնպես, որ մարդիկ վերջնականապես չհիասթափվեն քաղաքական գործիչներից, ընտրություններից, երկրից, ձեռքը թափ չտան ու գաղթականի ցուպը չառնեն ձեռքները: Եթե չի նահանջելու, ապա կարողանալո՞ւ է պայքարի խելամիտ ձեւեր գտնել՝ այնպես, որ չհյուծի մարդկանց ու փողոցային անպտուղ ակցիաներով չդատապարտի հավերժ ու անհեռանկար պայքարի:

Այս հարցերի պատասխաններն են փորձում ստանալ բոլոր այն մարդիկ, ովքեր այս օրերին գնում են Ազատության հրապարակ, եթե անգամ չեն գնում՝ մեծ ուշադրությամբ հետեւում են նորահայտ լիդերի գործողություններին: Ժողովրդի քվեն ամենապատասխանատու եւ ամենապարտավորեցնող, ամենահաճելի, էյֆորիայի մղող գործոնն է: Կարողանալո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն այն պատվով կրել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031