Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Վահան Մարտիրոսյանին

Մարտ 01,2013 10:26

«Առավոտ»ի հարգելի՛ խմբագրություն,

Խնդրում/պահանջում եմ ստորև դրված բաց նամակը հրապարակել Ձեր կայքում՝ որպես պատասխան Վահան Մարտիրոսյանի՝ փետրվարի 27-ին Ձեր կայքին տված հարցազրույցին:

Ո՞վ է անլուրջ՝ կույրը, խուլը և համրը, թե՞ դրա մասին պնդողը

«Առավոտ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել է Գոհար Հակոբյանի հարցազրույցը Հայաստանի պետական կամերային նվագախմբի  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ՝ «Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր» խորագրով, որի տեքստում էլ պրն Մարտիրոսյանի ուղղակի խոսքը մեջբերվում է հետևյալ կերպ՝ »Լուրջ մարդիկ կարող էին գալ, ոչ թե կույր, խուլ եւ համր»՝ ծաղրելով Բոչելիին՝ Հայաստան հրավիրելու հանգամանքը:

Պարո՛ն Մարտիրոսյան, թեև ես, որպես շարքային ունկնդիր, ամենևին չեմ կիսում Ձեր կարծիքը Բոչելիի մասին, այնուամենայնիվ, ընդհանրապես չեմ հավակնում Ձեր նրբազգաց ճաշակն ուղղորդելու «անլուրջ» ուղղությամբ: Սակայն որպես շարքային քաղաքացի, ինչպես նաև կույր մարդ՝ ցավոք, պարտավորված եմ Ձեզ նման կրթված մարդուն ուղղորդելու դեպի ճշմարտության ճանապարհը, քանի որ Ձեր վերոնշյալ արտահայտությամբ Դուք ծաղրում և վիրավորում եք ոչ միայն Բոչելիին, այլ բոլոր կույրերին, խուլերին և համրերին:

Չգիտես ինչու, համոզված էի, որ պետական կամերային նվագախմբի նման խոշոր կառույցի ղեկավարը պետք է որ լավ սերտած լիներ դասական երաժշտության հսկաների կենսագրությունները, մասնավորապես՝ պետք է որ տեղյակ լիներ առնվազն Բախի կույր և Բեթհովենի խուլ լինելու փաստերի մասին, որպեսզի մտքով իսկ չանցներ գոնե այդ հիմքերով «անլուրջ» համարել կույրերին, խուլերին և համրերին: Բայց քավ լիցի, նույնիսկ դա իմ գործը չէ, ես այստեղ դասական երաժշտության պատմության քննություն չեմ վերցնում կամ չեմ ընտրում Հայաստանի պետական կամերային նվագախմբի  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր:

Պարո՛ն Մարտիրոսյան, ճաշակն ու գիտելիքը մարդու սեփական որոշելու հարցերն են, սակայն երբ դրանք սկսում են ազդել էթիկայի վրա՝ վիրավորելով այլոց արժանապատվությունը կամ թյուր կարծիք թելադրելով, կողմնակի միջամտությունը դառնում է անհրաժեշտ: Այնպես որ ստիպված դառնալով այդ կողմնակի միջամտողը՝ բոլոր կույրերի, խուլերի և համրերի անունից ձեզնից պահանջում եմ հրապարակային ներողություն խնդրել Ձեր վերոնշյալ արտահայտության համար՝ կանխելով դրա բացասական ազդեցությունը հասարակության մեջ մեր մասին կարծիքի ձևավորման վրա:

Հ.Գ. կարող եմ Ձեզ սիրով օգնել ծանոթանալու բազմաթիվ տաղանդավոր կույրերի, խուլերի և համրերի հետ, որպեսզի Ձեր՝ խորհրդային մտածողությանը բնորոշ կարծրատիպերը համատեղ ուժերով կոտրենք:

 

Սիրով Ձեր կույր՝

Արտակ Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031