News.am. Քիչ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության խորհրդի, այնուհետեւ՝ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խորհրդի նիստին քննարկվել է ընտրությունների արդյունքները, որակը, եւս մեկ անգամ փաստել են, որ իրենց հաջողվել է կազմակերպել լավագույն ընտրություները: «Իրենց թերություններով հանդերձ սրանք լավագույն ընտրություններն էին, թե ընտրարշավն էր լավը, որովհետեւ դրանում բացակայում էր անձնական վիրավորանքը, կոռեկտ պայքար էր գնում: Նույնը կարող եմ ասել նաեւ հետընտրական զարգացումների մասին, այս փուլում չկան քաղաքական մերժողականության կոչեր»,- նշեց նա:
Խորհրդի նիստին զեկույցով հանդես է եկել Դավիթ Հարությունյանը, ով նշել է, որ բոլոր դիտորդները տվել են բարձր գնահատական ընտրություններին:
Ընդմիջումից հետո տեղի ունեցել ԳՄ նիստ, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց: Հայաստանի նախագահն առաջարկել է, որ գալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բոլորը ողջունեցին եւ դրական գնահատեցին այդ որոշումը, այլ առաջադրումներ չեղան, նախագահ Սարգսյանի առաջարկն ընդունվեց միաձայն»,- նշեց նա: Այսպիսով՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նիստին կադրային որեւէ փոփոխության հարց չի քննարկվել: