«100%-ով հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց Բյուրեղավանում «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքին եկած բնակիչներից մեկը
Մեր հարցին՝ ի՞նչ դժգոհություններ ունեք տեղի իշխանություններից՝ բյուրեղավանցիները պատասխանեցին. «Մենք իշխանություն ունե՞նք: Եթե լինի՝ նոր դժգոհություն պիտի լինի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզում պահանջում էր մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրաժարականը: Մեր հարցին՝ տեղի՞ն է պահանջում՝ բնակիչներից մեկը պատասխանեց. «Ինքը գիտի: Ինքը գիտի, որ նա չի աշխատում ժողովրդի համար»: Իսկ թե ում համար է աշխատում մարզպետը՝ բյուրեղավանցու խոսքերով՝ «Ոչ մենակ իրա համար, իրա՛նց համար»:
Նոր Հաճընում նույնպես դժգոհեցին մարզպետից եւ հիմնավորեցին նրա հրաժարականի պահանջը. «Ոչ մի բան չի անում: Ժողովրդին չեն ապահովում աշխատանքով, կյանքը չի բարելավում»: Ի՞նչ պիտի անի մարզպետը, որ չի անում՝ ըստ Նոր Հաճընցու՝ «Թող մեր զավոդները գոնե աշխատացնի, բա ինչի՞ են նշանակել մարզպետ՝ փող հավաքելու համա՞ր: Նշանակել են, որ ժողովրդի հոգսերը հոգա, չէ՞: Թող ժողովրդին աշխատանքով ապահովեն, էլ ժողովրդի վեջը չի լինի՝ ով կլինի թագավոր, ով չի լինի: 80 տարեկան մարդ եմ՝ 8 երեխաս թոռներիս հետ արտասահմանում են, ինչի՞ համար»,-պատասխանեց Հարություն Անթալյանը:
Կարդացեք նաև
Նոր հաճընում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման բավականին մեծ թվով մարդիկ էին եկել: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ նորմալ ընտրություններ են անցել. «Ընդհանուր հանրապետության մասշտաբով չեմ կարող ասել, բայց մեզ մոտ նորմալ են անցել»:
Մեր դիտարկմանը, որ այդտեղ՝ Նոր Հաճընում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսնանը՝ նա պատասխանեց. «Դե նորմալն էլ դա նկատի ունեմ, էլի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցնում է մարդկանց՝ պատրա՞ստ են երկարատեւ պայքարի, օրինակ, Նոր Հաճընում պատրա՞ստ եք՝ բնակիչը հարցին հարցով պատասխանեց. «Ռազմական ռեժիմը կարո՞ղ ա փոխվի էլի, Մարտի 1 եւ այլն եւ այլն»:
Թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյան եւ ոչ Սերժ Սարգսյան՝ Նոր Հաճընցին պատասխանեց. «Աղջիկ ջան, շատ խորացար: Ես մեծ մարդ եմ, հլը չեմ կարողանում կենտրոնանալ»:
Մենք ճշտեցինք՝ վախենո՞ւմ եք կարծիք հայտնել՝ պատասխանեց. «Ես ոչ մի բանից, ես մենակ մահից եմ վախենում, էն էլ չի գալիս տանում: Մեծ մարդ եմ, ինչի՞ց եմ վախենում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ