Այսօր Կոտայքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո օպերատոր ոստիկանների թիվը անհամեմատ նվազել էր:
Նրանք, ովքեր նկարահանում էին մարզային հանդիպումները, ոստիկանական համազգեստով էին: Սակայն Աբովյանում նկատեցինք քաղաքացիական հագուստով մի երիտասարդի, որը դարձյալ մեկ առ մեկ նկարում էր հանրահավաքի եկած աբովյանցիների դեմքը:
«Ժառանգության»՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի ներկայացուցչի հետ մոտեցանք նրան ու խնդրեցինք ներկայանալ, քանի որ ակնհայտ էր, որ լրատվական դաշտի աշխատակիցը չէր կենտրոնանա միայն հանրահավաքի մասնակիցների դեմքերի վրա: Նա մի քանի անգամ ձեւացրեց, թե չի լսում եւ շարունակեց իր գործը՝ արդեն տեսախցիկն այլ ուղղությամբ պահելով: Հետո տեսնելով մի շարք լրագրողների «ճնշումը», ներկայացավ, որ ոստիկան է: Հարցին՝ փաստաթուղթ ունե՞ք՝ նա վստահեցրեց, որ ունի, բայց այդպես էլ ցույց չտվեց՝ փախչելով:
Տարածքի ոստիկանները վստահեցրին, որ այդ տղան ոստիկան չէ, համակարգի աշխատող չէ. «Աբովյանցի է»:
Կարդացեք նաև
Ժառանգության ներկայացուցիչները խնդրեցին ոստիկաներին աջակցել եւ այդ երիտասարդով զբաղվել: Վերջիններս խոստացան պարզել կեղծ ոստիկանի ինքնությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ