ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել էր խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում, համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ վերջնական որոշման չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու:
«Առավոտ»-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց, թե արդյոք նման քննարկումները կարո՞ղ են արդյունքներ արձանագրել եւ երկրում հետընտրական լարված մթնոլորտի մեղմանը նպաստել: «Չեմ պատկերացնում, թե խորհրդակցություններն ինչ մակարդակով են ընթանում: Համամասնական ընտրակարգին անցնելու մասին մենք ինքներս էլ բարձրաձայնել ենք շատ վաղուց եւ միանշանակ գտնում ենք, որ փոփոխությունները անկախ ամեն ինչից պետք է կատարվեն ոչ միայն ելնելով այս իրավիճակից, այլեւ ընդհանրապես պետք է անցնել համամասնական ընտրակարգին։ Ինչ վերաբերվում է ընդդիմության կողմից առաջարկված այդ երեք կետերը թե ինչ ազդեցություն կարող են ունենալ, ես որեւէ գնահատական չեմ կարող տալ։ Ավելին, ես չեմ պատկերացնում, արդյոք ա՞յդ հարցերն են քննարկվել այդ խորհրդակցության ժամանակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ավարտված հանրահավաքում հայտարարել է, թե վաղվանից սկսած այս հրապարակում գարնանամուտը Հայաստանը տանելու է դեպի հաղթանակ եւ քաղաքական օրակարգը ոչ թե իրարից անջատված է լինելու, այլ քաղաքական հոսանքները միասին պիտի կերտեն հենց հրապարակում քաղաքական օրակարգ:
«Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց, թե հնարավո՞ր է, որ վաղը ԲՀԿ ներկայացուցիչները ներկա գտնվեն Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: «Այդ հարցը մեզ մոտ չի քննարկվել։ Ես այդ հարցի վերաբերյալ այս պահին որեւէ պատասխան չունեմ», պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ