ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին երկու օր առաջ ուղղված բաց նամակում նրանից խնդրել եւ նրան առաջարկել էի տնօրինել անհրաժեշտը, որպեսզի հրապարակվեն ստորագրված ընտրացուցակները:
Այսօր նույնն եմ առաջարկում իմ կարծիքով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպեցեք կրկին Սերժ Սարգսյանին եւ որպես, ինչպես սիրում են ասել, ողջամիտ լուծում, առաջարկեցեք նրան հրապարակել այս ստորագրված ընտրացուցակները եւ մինչեւ մարտի 31-ը էլեկտրոնային միջոցներով ապահովել դրանց հասանելիությունը բոլորին:
Կարծում եմ դրանով կարելի կլինի պատասխան ստանալ մի քանի կարեւոր հարցերի.
ա. Մենք կստանանք պատասխան, թե արդյոք օգտագործված քվեաթերթիկների ու ստորագրված ընտրացուցակների թվերը պատասխանում են իրար կամ ոչ:
Կարդացեք նաև
բ. Դրանով ՀՀ բոլոր քաղաքացիներին Հայաստանում կամ արտերկրում հնարավորություն կտրվի ստուգել իրենց մասնակցությունը կամ ոչ մասնակցությունը ընտրություններին եւ համապատասխան բողոք ներկայացնել: Չեմ կարծում, որ եթե մեկը, որն իսկապես մասնակցել է ընտրություններին, հնարավորություն ունի ժխտել իր մասնակցությունը: Նման հնարավորություն իմ կարծիքով բացառվում է:
գ. Եթե այս ձեւով պարզվի, որ կեղծ ստորագրություններով ու տվյալներով կեղծվել են ընտրացուցակները եւ դա կրել է ոչ թե մասնավոր բնույթ, այլ եղել է համատարած երեւույթ եւ դա զգալի կերպով ազդել է ընտրությունների արդյունքի վրա, ապա գոյություն ունի ըստ իս մեկ-երկու հնարավոր տարբերակներ.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս կամ, ավելի ճիշտ է ասել, չի ընդունում ընտրության արդյունքները եւ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ է հռչակվում Րաֆֆի Հովհաննիսյանը:
2. Փոխադարձ համաձայնությամբ եւ ՀՀ համապատասխան օրենքների պահպանմամբ կամ դրանց համապատասխան նշանակվում են նախագահական նոր ընտրություններ, որտեղ բնականաբար բոլորը, ներառյալ Սերժ Սարգսյանը, վերստին հնարավորություն են ստանում որպես թեկնածու ներկայանալ: Նոր ընտրությունների թվականը որոշելուց հետո բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմվում է նոր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով եւ նաեւ տեղական ընտրական հանձնաժողովներ եւ փոխադարձ հսկողությամբ ապահովվում են իսկապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ՀՀ օրենքների տառին եւ ոգուն համաձայն: Մինչ այդ` ներկա նախագահը շարունակում է կատարել իր լիազորությունները եւ կամ միջանկյալ այդ ժամանակահատվածում նախագահական պարտականությունների կատարումը դրվում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված անձի վրա:
3. Փոխադարձ համաձայնությամբ կարելի է որոշել նախագահական ընտրությունների բարեհաջող անցկացումից հետո ողջամիտ ժամանակներում համապատասխան ՀՀ ներկա օրենսդրության կազմակերպվում են խորհրդարանական նոր ընտրություններ, քանի որ ներկա խորհրդարանի կազմը չի համապատասխանում ՀՀ քաղաքական ներկապնակին եւ զարգացումներին: Խորհրդարանական ընտրություններից բարեհաջող անցկացումից հետո ըստ այդ արդյունքների ձեւավորվում է նոր կառավարություն, իսկ մինչ այդ ներկա կառավարությունը շարունակում է իր գործունեությունը:
4. Իսկ եթե պատահի, որ ստուգված արդյունքներն այլ իրականություն պարզեն եւ հստակվի, որ տեղի ունեցած ընտրակեղծիքները որոշադրիչ կերպով չեն ազդել ընտրության արդյունքների վրա եւ Սերժ Սարգսյանը իսկապես ընտրվել է ՀՀ նախագահ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորում է նրան, հայցում է իրեն ընտրած եւ չընտրած քաղաքացիների ներողամտությունը եւ շարունակում իր քաղաքական գործունեությունը ի նպաստ նոր ազատ, ապահով եւ իսկապես ժողովրդավար Հայաստանի կառուցման: Իսկ Սերժ Սարգսյանը իրական երաշխիքներ է տալիս, որ ՀՀ օրենքների 100 տոկոսանոց պահպանմամբ կպատժվեն եւ քրեական պատասխանատվության կենթարկվեն բոլոր ընտրակեղծարարները: Բացի դրանից այս դեպքում էլ ողջամիտ ժամանակներում կազմակերպվում են խորհրդարանական նոր ընտրություններ, քանի որ ինչպես վերեւում նշեցի, ներկա խորհրդարանի կազմը չի համապատասխանում ՀՀ քաղաքական ներկապնակին եւ զարգացումներին:
Ռամիս Օհանյան
Հայաստան – Հոլանդիա
Շատ իրատեսական և ողջամիտ առաջարկներ են: Կիմանանք, թե ով է իսկապես ընտրվել: