Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2012թ. փաստաթղթերի գնահատման նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Չորսօրյա քննարկումներից եւ հանդիպումներից հետո փետրվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները: Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հիմնական առաջնահերթություններին:
Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաեւ երկու թատերաբեմերում միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաեւ արտակարգ իրավիճակների պլանավորման եւ աղետների արձագանքման բնագավառում` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ