Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում, հիշե՛ք»

Փետրվար 28,2013 18:35

 

«Ամեն ոք, որ այսօր ներկա է Ազատության հրապարակում՝ մտավորական, բանվոր, գյուղերից, մայրաքաղաքից, մենք միասնաբար արդեն գիտենք, որ հաղթած ժողովուրդ ենք: Ինչպես ասել ենք՝ 5 տարի պիտի ծառայենք անմնացորդ՝ բերելով իրավունք ՀՀ քաղաքացուն՝ ամենալավ կրթությունը, ամենաուժեղ բանակը»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա մեկ րոպե լռությամբ հորդորեց հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը:

Իր ելույթում պարոն Հովհաննիսյանը նորից հիշեցրեց նախընտրական իր խոստումները, որ պիտի լինի մեծ վերադարձ եւ որ փոքրամասնությունների հետ Հայաստանում միասին են լինելու՝ մեր դրոշի ներքո: Նա ողջունեց Փարիզից հանրահավաքին մասնակցելու համար ժամանած Վարդան Պետրոսյանին:

Վերջինս ասաց. «Ես ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայկական ձմեռը, որ կանխատեսում էի, իր պասիվությամբ գոնե ավելի լավ է, քան արաբական գարունը, որ տեսաք, թե ինչ փորձանքներ բերեց այսօր արաբ ժողովուրդների գլխին՝ հանուն նրանց երջանկության: Բայց տեղի ունեցավ մի շատ անսպասելի բան: Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, միգուցե բնազդաբար, ենթագիտակցորեն հայացք նետեց դեպի պատմական անցյալը, առողջ գենը, հայ արմատը: Վախի մթնոլորտում, ապատիայի, անտարբերության եւ անպաշտպանությնա մթնոլորտում լուռ, անաղմուկ գնաց եւ իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Սա էր իսկական հաղթանակի սկիզբը, որը տեղի է ունենում ի սկզբանե մարդու սրտում, գլխում, հոգու մեջ»:

Վարդան Պետրոսյանը նաեւ նշեց, որ բոլոր հայերն աշխարհում զարմացած են. «Ես լսում էի խոսքեր, որ 25-ամյակը ուզում էինք մեծ նշել, բայց շարժումը խանգարեց: Ոչ, շարժումը չեն նշում շամպայնով: Ինչպես արցախյան շարժումը, սա ինքնամաքարման շարժում էր: Ուրեմն պետք է առաջին քայլը՝ հաղթանակ: Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ՝ լուրջ, խորքային փոփոխություններ անելու, եւ դրա սկիզբը դուք դրեցիք, որ պետք է ավարտվի մեծ եւ անսպասելի հաղթանակով»:

Նա պատմեց, որ լուրերին է ծանոթացել սրանից մի քանի օր առաջ. «Վերջերս ԱԺ նախագահը հայտարարություն արեց, որ հայ տղամարդը ավելի լավ կլինի, որ իր էներգիան ծախսի ավելի շատ իր ընտանիքի բարեկեցության համար: Շատ ճիշտ բան է ասել, կողմ ենք դրան, բայց նույն ԱԺ-ն ոչ մի կերպ թույլ չի տալիս, որ հայ տղամարդը զբաղվի իր ընտանիքով: Այսօր այստեղ ենք հավաքվել, որովհետեւ հայ մարդը ուզում է պահել իր ընտանիքը, աշխատել, բայց դրա հնարավորությունը չունի: Մարդիկ հավաքվել են վերջին հույսով, պահանջով, որ մենք ուզում ենք նորմալ երկիր, որտեղ կարող ենք նորմալ աշխատել: Վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում, հիշե՛ք: Ուրեմն ձեր գլխից հանեք պարտվողական մտքերը, այն մտքերը, որ ոչինչ դուրս չի գա, միեւնույն է, իշխանությունները իր լծակը կօգտագործի, տանկեր կբերեն, էս կանեն, էն բանեն: Լավ հիշեք՝ Մարտի 1-ը այլեւս չի լինելու երբեք: Այս շարժումն իր տեսակով զարմանալի է, եւ ոչնչով չի հիշեցնում մյուս բոլոր շարժումները: Սա ինքնաբուխ շարժում է: Առաջին մեծ հաղթանակը կատռարված է: Հայ ժողովուրդ, միշտ հիշիր, որ դու պատմական բարձր բարոյական արժանիքների, մտավոր կարողությունների հին ժողովուրդ ես, որ պատմության ընթացքում կոտորվել է, կոտորակվել, մասնատվել, բայց երբեք չի ջարդվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Խորապես հարգում եմ Վարդան Պետրոսյանին: Եզակի արվեստագետներից է, որի կարծիքը իրոք հետաքրրում է: Շատ հաճելի է, որ նա իր խոսքն ասաց:

  2. manvel says:

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵՐ ՆՈՐ ՉԱՐԵՆՑԻՆ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728