Ականատեսները` ադրբեջանցիների ոճրագործությունների մասին
«Սումգայիթի ողբերգությունը` ականատեսների վկայությամբ» գիրքը վերջին 25 տարվա ընթացքում թարգմանվել է 9 լեզվով (այս տարվա հունվարին` իտալերեն եւ իսպաներեն),-այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը, ապա հավելեց,-այժմ ձեռնարկել ենք գրքի երկրորդ հատորի հրատարակությունը: Գիրքը կազմվել է Սումգայիթի փախստականների վկայությունների հիման վրա»:
«Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հայկական կողմի վրա է դրված Սումգայիթի խնդիրները ներկայացնելու պարտականությունը. «Այս տարիներին Ադրբեջանն ապացուցեց, որ «Սումգայիթը» շարունակվում է: Պատմությունը եւ մարդկության փորձը ցույց են տվել, որ չպատժված ցեղասպանությունները ծնում են նոր մարդատյաց գործողություններ»:
Սումգայիթի նախկին բնակիչ, իրադարձության ականատես Ռայա Թովմասյանը պատմեց. «Կիրակի էր: Տանն էին ընտանիքի բոլոր անդամները: Քաղաքում տարօրինակ անցուդարձ եղավ, ես էլ աղջկաս վերցրեցի եւ իջանք շենքի առաջին հարկ` ադրբեջանուհի հարեւանուհու տան հեռախոսով զանգահարելու: Այդ ժամանակ ինչ-որ բանդայի անդամներ բղավում էին, թե ուր են հայերը եւ խուժում շենքի մուտք, սպառնում հրդեհել այն: Ադրբեջանուհի հարեւանուհին մեզ թաքցրեց իր տան ննջասենյակում ու դուռը կողպեց: Մենք ձայներ էին լսում, մարդկանց սպանում էին: Զանգահարում էինք ոստիկանություն եւ շտապօգնություն, բայց հրաժարվում էին սպասարկել եւ ասում, թե երեք ժամից կգանք: Այդպես ժամեր շարունակ մնացինք նրա տանը: Իսկ երբ եկավ ադրբեջանուհու եղբայրը եւ ասաց` «ինչ կա` վերցրու, հեռանում ենք», հարեւանուհին հրաժարվեց եւ դուռը փակեց նրա վրա»:
Կարդացեք նաև
Տիկին Թովմասյանը նաեւ նշեց, որ ութժամյա դիմադրությունից հետո սպանվել է նրա ամուսինը: Թովմասյանի որդին` Ռոման Թովմասյանը, ով իրենց տան «պաշարման» ժամանակ հինգ տարեկան էր, ասաց. «Հայրս քույրերիս հետ մեզ տարավ ննջարան: Մենք վախեցած պառկել էինք եւ ձայներ էինք լսում: Երբ մեծ քույրս պատուհանից դուրս նայեց, նրա վրա քար նետեցին, որը հրաշքով մեզ չդիպավ: Մինչ օրս հիշում եմ` երբ հայրս մտավ ննջասենյակ, ասացի, որ չգնա «նրանց» մոտ, որովհետեւ կսպանեին…բայց հայրս նայեց ինձ եւ ասաց` «մի վախեցիր, որդիս, ես նրանց կսպանեմ»:
Ռոման Թովմասյանի խոսքով. «Ոճրագործները պետք է պատասխան տան»:
Մեկ այլ ականատեսի` Կարինե Մեջլումյանի համոզմամբ. «Ադրբեջանցիները նախապես գիտեին, թե որ հայերին պետք է սպանեն ու թալանեն: Մենք լավ էինք ապրում, այդ պատճառով կոտրեցին հենց մեր բնակարանի դուռը, մահճակալների տակ թաքնված ընտանիքիս անդամներին ծեծելուց ու խոշտանգելուց հետո պարկով ոսկի գտան ու հեռացան: Իսկ, օրինակ, շենքի թոշակառու հայերին ձեռք չէին տվել, որովհետեւ իրենց հարստություն էր պետք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Վատ է,շատ վատ է;Ես էլ 4 տարի է հայիզմից խնդրում եմ օգնել ինձ,որ փրկվեմ ՀՀ-ից, բայց լսող չկա;