Կեսօրից Գյումրիում բողոքի ակցիա էր սկսվել
Այսօր ժամը 13.00-ից սկսած գյումրեցի 7 բուհերի ուսանողներ սկսեցին բողոքի ակցիա ու երթ անցկացնել Գյումրու կենտրոնական փողոցներում, հրապարակներում, մարզպետարանի շենքի դիմաց ու դիվանագիտական հաստատությունների առջև: Երթը սկսվեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի մոտից, այնուհետ ուսանողները ոտքով ցեխոտ փողոցներով ուղևորվեցին դեպի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, այնտեղից ռուսական հյուպատոսարանի դիմաց: Նրանք ամոթանք էին տալիս Ռուսաստանի նախագահին` Սերժ Սարգսյանի հաղթանակը ընդունելու համար: Ռուսական հյուպատոսարանում նրանց գրավոր բողոքը չընդունեցին` պատճառաբանելով, թե հյուպատոսը տեղում չէ:
Ցուցարարները շարժվեցին դեպի դատարանի շենք, որտեղ մուտքի մոտ ընթերցեցին իրենց նամակը` ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նրան ամոթանք տվեցին` անվանելով վաստակավոր նկարիչ:
Այնուհետ շարժվեցին Յոթվերք եկեղեցի` բարձրաձայն աղոթելով հայ ազգի փրկության համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ թե Թատերական հրապարակում և թե եկեղեցու մոտ թեեւ մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին կանգնած, սակայն նրանք մի տեսակ անտարբեր էին այս ամենի հանդեպ: Համենանյդեպս փորձ չէին անում որեւէ կերպ միջամտել:
Վերջում ուսանողները մի հետաքիքր ակցիա կազմակերպեցին Թատերական հրապարակում ու Ռիժկովի ճեմափողոցում: Նրանք դիմակներ հագան` հինգ հազարանոց ընտրակաշառքը խորհրդանշող, ու լուռ ներկայացրեցին Գյումրու բոլոր խնդիրները` ցուցապաստառների վրա: Օրինակ` «Չենք ուզում այլեւս խոպան գնալ», «Չենք վաճառվի» և այլն:
Իսկ երթի ամբողջ ընթացքում գոռում էին «Ազատ, անկախ Հա~յա~ստա~ն»: Բնականաբար անցորդները անտարբեր չէին փողոցներով շարժվող բողոքավորների հանդեպ: Տեսնելով դիմակավորված բողոքը` նրանցից մեկը նետեց. «Ձայն չտվեցինք, բայց զատո Սերժը հաղթեց: Հիմա ինչ ուզում եք արեք»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Դատելով լուսանկարներից՝
հոդվածի բառերը երթի մասնակիցներից շատ են:
levon – Ի՞նչ ես պիտակներ կպցնում. բա ԴՈ՞Ւ ինչ ես անում: