ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում, համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։ Այսօրվա հանդիպման ընթացքում կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, սակայն խորհրդակցությունները շարունակական են լինելու:
«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը անդրադառնալով խորհրդարանական ձեւաչափով քննարկումներին, նկատեց․ «Մենք գտնում ենք, որ այս հետընտրական գործընթացները պետք է անցնեն երկխոսության, բանակցությունների, խաղաղ ճանապարհով, ոչ թե իմիտացիոն սրացումների ճանապարհով, կամ հակաօրինական քայլերով: Դա է պատճառը, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են քաղաքական այս քննարկումները, որի արդյունքում չեն վիճարկվելու ընտրությունների արդյունքները: Քննարկումների արդյունքում արժե քննարկել, թե ինչպիսի բարեփոխումներ պետք է ձեռնարկել, որպեսզի գործընթացները տարվեն հենց այդ հունով»:
Արդյոք քննարկումներում համաձայնության չհասնելը իրավիճակի առավել սրացման պատճառ չի՞ հանդիսանա՝ «Առավոտ»-ի հարցին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց․ «Կարծում եմ, հետընտրական գործընթացները նորմալ են ընթանում, ընդամենը պահանջներն են անտրամաբանական, որովհետեւ ամբողջ աշխարհը, միջազգային բոլոր կառույցները, որոնք հետեւել են ընտրությունների ընթացքին, ԿԸՀ-ն տալիս են մեկ գնահատական, իսկ պարտված թեկնածու Րաֆֆին Հովհաննիսյանն ու իր թիմակիցները իրենց ստացած ձայներով համարում են, որ իրենք են հաղթել, ինչը անտրամաբանական է: Կարծում եմ, սրացումներ չկան, ժողովրդի հետ հանդիպումներ են անցկացնում եւ քանի դեռ օրենքի սահմաններում է՝ ամեն ինչ նորմալ է»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ն կարծում է, որ խորհրդարանական ձեւաչափով կարո՞ղ են շարունակվել քննարկումները, բանակցությունները, հարցրեցինք պարոն Սահակյանին: «Իհարկե։ Մենք գտնում ենք, որ քննարկումների դասական ձեւը քաղաքական բարձրագույն ամբիոնը՝ հենց խորհրդարանն է, որտեղ էլ պետք է ընթանան այդ բանակցությունները, քննարկումները», պատասխանեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղարը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀՀԿ- Գյուլնազ տատի հեքիաթից երեք խնձոր ընկավ,երեք հարց, երեք աթոռ,երեք թակարդ,3 գունդ հանրապետական պանիր;
Այս ձևաչափն ընդունել՝ նշանակում է ընդունել կեղծված ընտրությունների արդյունքները: