23-ամյա Սուսանննան հիշում է ՝ մոր հետ մտերմացել է իր կյանքի դժվարագույն պահին. սիրում էր մի տղայի, ում հետ 2 տարի գաղտնի հանդիպում էր, երբ հանկարծ նա լքեց իրեն՝ պատճառաբանելով, որ մեկնելու է արտասահման, այնինչ իրականում ստում էր: «Երբ իմացա, որ լքում է ուրիշ երկիր մեկնելու պատճառով, իսկ հետո՝ որ խաբում է, պարզապես ուզում է բաժանվենք, ինձ նվաստացած, ստորացված զգացի: Մի քանի օր առհասարակ անկողնուց վեր չէի կենում,-ասում է նա և հավելում,-մայրս անհանգստացած էր, իսկ ես խորհուրդի կարիք էի զգում: Ընկերուհիներիցս ոչ մեկ խելքը գլխին բան չէր ասում: Մտածում էի՝ մաման փորձառություն ունի, համ էլ ես իր աղջիկ եմ, իմ վատը հաստատ չի ուզի»: Ահա այս հանգամանքներում է, որ Սուսաննան առաջին անգամ մոր մեջ տեսնում է նաև ընկերուհուն. «Եթե մայրս չլիներ, չհասկանար ինձ, այլ շատերի պես միմիայն կշտամբեր, պատժեր, ապա ես չգիտեմ, թե ինչ կլիներ իմ վիճակը»: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպես են երիտասարադները ընկալում մայր-զավակ-ընկերուհիներ հասկացությունը: «Ես չեմ կարա մամայից գաղտնիք պահեմ՝ կապ չունի, թե ինչ բնույթի է: Դեռ միայն դեմքիս նայելով՝ կռահում է , որ մի բան այն չէ»,-ասում է 19-ամյա Ռոզան: 19-ամյա Դիանան իր մայրիկին համարում է իր ընկերուհին՝ բայց ոչ մտերիմ: «Մամաս ջահել ա, 18 տարեկանում է ամուսնացել: Ես չեմ կարողանում իրեն որպես մայր նայել, սակայն այնպես չէ, որ բոլոր գաղտնիքներս եմ կիսում»,-ասում է նա:
Երկկողմ ազատ փոխհարաբերությունները ենթադրում են նաև ծնողի անկեղծությունը: Խնդիներ ունեն ոչ միայն զավակները, այլ նաև մայրերը: «Մամաս իմ հետ հիմնականում կիսվում ա աշխատանքային պրոբլեմներից, ես էլ եմ օգնում նրան մի շարք խորհուրդներով, որ երբեմն ինքն է ինձնից հարցնում և համբերությամբ լսում է, իսկ ընտանիքում ամեն ինչ նորմալ է, հայրս շատ է սիրում մորս»,-ասում է 22-ամյա Անուշիկը:
Կան աղջիկներ, ովքեր ոչ միայն իրենց մայրերին իրենց ընկերուհիները չեն համարում, այլև չեն ընդունում նրանց հետ ավելի անկաշկանդ և ազատ շփումը՝ ծնող-զավակ փոխհարաբերություններից այն կողմ: Պատճառաբանում են. աղջիկները, ձեռք բերելով իրենց մայրերի վստահությունը, դառնոմ են ավելի կամակոր և թեթևսոլիկ: Այսպիսի կարծիք հայտնեցին նաև որոշ մայրեր: «Էն մայրը, ով կարա իր աղջկա հետ անկաշկանդ խոսել սիրուց, սեքսից, էլ ինչպե՞ս կարող է դաստիարակել իր աղջկան»,-ասում է 47-ամյա տիկին Մարինեն:
Իսկ հոգեբան Անի Հովհաննիսյանը այս կարծիքի հետ համաձայն չէ. «Այդպիսի երևույթներ կան, բայց չի կարելի մասսայականացնել: Վերջիվերջո դա կախված է կնոջից, ով պիտի օրինակ ծառայի իր դստերը և նրա վստահության դիմաց չափից դուրս ազատություն թույլ չտա: Բայց պետք է նկատել նաև՝ սեռական հարաբերություններից խոսելը դեռ չի նշանակում սխալ դաստիարակություն տալ, հակառակը, կախված խոսակցության բնույթից՝ հնարավոր է ծնողը լրացնում է դստեր սեռական դաստիարակության բացը»,-ասում է նա: Անի Հովհաննիսյանը նաև հավելում է. «Մայրական սերը բնատուր է: Երեխայի և մոր փոխհարաբերությունների հիմքը դրվում է այն շրջանում, երբ երեխան գտնվում է մոր արգանդում, այնուհետև զարգանում ծննդաբերությունից հետո:
Երեխայի յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի, ծնողը պիտի ընկալի փոփոխությունները, որոնց միջով անցնում է զավակը՝այս դեպքում աղջիկը»:
Նազենի Բաղդասարյան