Գարունը սեր է, ժպիտ, կյանք. այսպես կբնութագրեին շատ շատերը, իսկ 19-ամյա Լիլիթի համար գարունը հիշողություններն են, անվերադարձ հիշողություններ…
«Երբ փոքր էի, մի անգամ շարադրություն գրեցի, թե որ եղանակին եմ նմանեցնում ինձ, դա իհարկե գարունն էր, – ասում է Լիլիթը, – գարնանն եմ ծնվել, երևի դա է պատճառը, և կյանքիս կարևոր իրադարձություններն էլ են գարնանը եղել, մի խոսքով կարելի է ասել գարունն ինձ համար պարզապես եղանակ չէ»: Լիլիթի ամենագեղեցիկ գարունը նախորդն էր, երբ սիրահարվեց. «Մի անգամ փողոցով քայլում էի, երբ ինձ մոտեցավ մի աղջիկ ու խնդրեց խանութներից մեկի տեղը ցույց տալ, ես էլ այդ ուղղությամբ էի գնում ու ասացի, որ կարող է ինձ հետ գալ, պատմում է Լիլիթը, – գնացինք ու պարզվեց, որ նրան մի տղա է սպասում այդտեղ, մինչև շտապում էի շարունակել ճանապարհս տեղը ցույց տալուց հետո, այդ տղան, որ կանգնած էր, ժպտաց ու շնորհակալություն հայտնեց ինձ, երբ իմացավ, որ ես եմ ճանապարհը ցույց տվել, ժպտացի ու քայլեցի առաջ, երբ այդ տղան կանչեց՝ մի րոպե կսպասեք, ես շրջվեցի, իսկ նրա ձեռքում ձնծաղիկ կար, որը նա գնել էր իր կողքին կանգնած ծաղկավաճառ պապիկից, ծաղիկը նվիրեց, իսկ ես թեև զարմացա, բայց ընդունեցի նվերը, շնորհակալություն հայտնեցի ու շարունակեցի ճանապարհս»: Ամբողջ ճանապարհին Լիլիթը մտածում էր՝ ինչու՞ նա այդպես արեց, ո՞վ էր այդ տղան, եթե այն աղջկա ընկերն էր, ում նա ճանապարհն էր ցույց տվել, ապա ինչու՞ իրեն ծաղիկ նվիրեց, ոչ թե ընկերուհուն… և ողջ օրվա ընթացքում Լիլիթը չդադարեց այդ մասին մտածել, և հիշել իր մեջ տպավորված աչքերը: Օրեր անց նույն տղային տեսնում է համալսարանի բակում, ավելի ուշ պարզում է, որ ինքն ու այդ առեղծվածային տղան նույն համալսարանից են. տղան ավարտական կուրսում էր, իսկ Լիլիթը դեռ երկրորդ կուրսի ուսանողուհի: Հետզհետե պատահական հանդիպումները համալսարանում ավելացան կամ ինչպես Լիլիթն է ասում. «Պարզապես սկսեցինք իրար նկատել, բարևել»: Բարևին հաջորդում էին երկար ու ձիգ զրույցներն ու զբոսանքները, Լիլիթը պարզեց նաև, որ այն աղջիկը, ում նա ճանապարհն է ցույց տվել՝ տղայի քույրն էր: Նրանց մտերմությունը ժամանակի ընթացքում վերածվեց սիրահարվածության կամ սիրո, թեև ինչպես Լիլիթն է ասում՝ մի տարօրինակ զգացմունքի, որը ոչ սեր էր, ոչ սիրահարվածություն: Աստիճանաբար հանդիպումները պակասում են. «Քանի որ նա ավարտական կուրսում էր սովորում, շատ զբաղված էր. քննական շրջանն էր սկսվում, ես էլ նրան հասկանում էի ու չէի դժգոհում այդ ամենից, ճիշտ է, երբեմն շաբաթը մեկ էինք տեսնվում, բայց դա էլ էր ինձ համար մեծ երջանկություն, մտածում էի ժամանակավոր է», – ասում է Լիլիթը: Իրականում ժամանակավոր եղավ ամբողջ մի պատմություն, ամբողջ մի երջանկություն… համալսարանն ավարտելուն պես՝ տղայից էլ լուր չեղավ, «Սկզբում զարմացա, հետո անհանգստացա, բայց փորձեցի նրա կուրսեցիներից իմանալ ինչ- որ բան է պատահե՞լ, թե՞՝ ոչ, պարզվեց, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նույնիսկ օրեր առաջ կուրսեցիների հետ միջոցառման է գնացել, – ասում է Լիլիթը, – ու հասկացա, որ իրականում ոչինչ էլ չի եղել, որովհետև նրա համար ոչինչ էլ չկար»: Լիլիթը կարծում է՝ սա մի մոլորակ է, որում կյանքիդ ընթացքում կամա թե ակամա ապրում ես, ոմանք մնում են այնտեղ միշտ, ոմանք էլ դուրս շպրտվում: «Գարունն էր բերել նրան, գարունն էլ տարավ, – ասում է Լիլիթն ու ավելացնում, – իսկ ես մնացի իմ գարնանը սպասելով ու հուսալով, որ նորից կբերի նրան»:
Տիգրանուհի Թասլակյան