«Երեխայիս բուժման ծախսերը Սերժ Սարգսյանը վերցնում է իր վրա, միայն թե նախապես իրենց զգուշացնեմ, այլ ոչ թե հացադուլ կամ նստացույց անեմ»
Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը մի քանի ամիս է պայքարում է պետական պահպանության վարչությունից իր 10 հազար ժամ արտաժամյա աշխատավարձը ստանալու համար, փետրվարի 26-ին հանդիպել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի եւ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Ռոման Մկրտումյանի հետ:
Մխիթար Ալումյանին նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս նախընտրական շրջանում խոստացել էր, որ նրա խնդիրը կլուծվի եւ աշխատավարձի պարքերն էլ կվճարվի:
Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանն ասաց, որ Հովսեփյանի եւ Մկրտումյանի հետ հանդիպման ժամանակ իրեն վճարել են 1 ,5 միլիոն դրամ, իսկ նախորդ տարի էլ ոստիկանությունը 1.9 միլիոն դրամ հանգանակություն էր արել, ուստի այդ վճարները միասին կազմում է 3.4 միլիոն, մինչդեռ նրա պարտքը մոտ 6.5 միլիոն դրամ է եղել: Ալումյանի ներկայացմամբ` «Նախագահի վերահսկողության ծառայության պետն ասել է, որ այսուհետ երեխայիս բուժման ծախսերը նախագահ Սերժ Սարգսյանը վերցնում է իր վրա, միայն թե նախապես իրենց զգուշացնեմ, այլ ոչ թե հացադուլ կամ նստացույց անեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանը անցյալ տարի ոստիկանության եւ նախագահականի մոտ բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ նստադուլ, հացադուլ, մինչեւ անգամ ինքնահրկիզման փորձ. Ալումյանը պայքարում էր իր արտաժամյա աշխատանքի վճարները ստանալու համար, բայց ոստիկանությունից պաշտոնապես մերժում էին՝ պատճառաբանելով, իբր գրանցամատյանները, որտեղ նշված են աշխատանքի ժամերը, կորել են: ՀՔԾ-ն էլ արդեն 3 ամիս է, հաստատել է, որ Ալումյանն իսկապես արտաժամյա աշխատել է եւ նրա աշխատավարձի պարտքը 6,5 միլիոն դրամ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ