ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դեռեւս անցյալ շաբաթ ցանկություն էր հայտնել հանդիպել ՀՀ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների հետ, եւ այդ մասին տեղեկացրել դեսպանատներին:
Երեկ առավոտյան պարոն Մելիքյանին է զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի օգնականներից մեկը ու տեղեկացրել, որ իր եւ դեսպանի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը ուժը կորցրել է` դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հնարավոր չի համարում նման հանդիպումը, քանի որ չի կարողանում դրա համար ժամանակ գտնել:
Aravot.am-ի հետ զրույցում Մելիքյանն ասաց. «Ես նրանցից նորից հանդիպում չեմ խնդրի, եթե չեն ուզում՝ թող չհանդիպեն, դա իրենց իրավունքն է»: Մելիքյանը սպասում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների պատասխանին. «Տեսնենք ինչպիսի վարքագիծ կորդեգրի ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը` արդյոք նա էլ կխուսանավի: Ամերիկացիները ինչ որ խնդիրներ ունեին, չէին կողմնորոշվում, դա առկախ մնացած հարց էր, իսկ ֆրանսիացիների հետ երկրորդ անգամ կապվել՝ այդպես էլ չհաջողվեց, բայց իրենց հաղորդվել է իմ ցանկությունը գրավոր եւ բանավոր ձեւով: Արձագանք դեռեւս չկա, չգիտեմ` դեսպանին օգնականները չե՞ն փոխանցել հանդիպման վերաբերյալ առաջարկս, թե՞ առայժմ որոշում չունեն»։
Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է արդյոք Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու հետ կապված, Մելիքյանն ասաց. «Չեմ կարող ասել, դա իրենց կողմնորոշվելիքն է, եւ քանի դեռ ամերիկացիներն ու ֆրանսիացիներն էլ ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան չեն տվել, չեմ ուզում որեւէ ընդհանրացում անել»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ