Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն դեռ կափսոսա»․ Ստյոպա Սաֆարյան

Փետրվար 28,2013 17:08

«Ապահով Հայաստան» խոստացողը պիտի նաեւ Հայաստանը ապահովագրի ճգնաժամից։

Ինչպես հայտնի է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել էր խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում, համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։

Հանրապետական, «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, իսկ «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ վերջնական որոշման չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական քննարկումներին, նշեց․ «Իշխանությունը պետք է գիտակցի, որ երկրում կա ճգնաժամ։ Բոլոր քաղաքական ուժերը ճանաչել են այդ ճգնաժամը եւ այս կամ այն կերպ արձագանքնել են դրան։ Եւ եթե Հանրապետական կուսակցությունը շարունակում է համարել, որ ճգնաժամ չկա ու այդ ճգնաժամը չդարձնել պետական մարմինների, եւ առաջին հերթին Ազգային ժողովի քննարկման առարկա, ապա իհարկե Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ, դեռ կափսոսա դրա համար, որովհետեւ ժամանակը, գործընթացը գնում է՝ անկախ «Ժառանգությունից», անկախ Հանրապետականից, անկախ Րաֆֆի Հովհաննիսյանից: Այն, ինչ մենք տեսնում ենք մարզերում՝ ավելին է, քան ճգնաժամը: Դա ուղղակի անպատկերացնելի մի տրանսֆորմացիա է, որին ենթարկվում է հասարակությունը եւ այդ հասարակությանը նրանք ուղղակի ղեկավարել չեն կարող»:

«Ժառանգության» հաջորդ քայլը ո՞րը կարող է լինել, փաստորեն Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհանիսյան հանդիպմանը Ս․Սարգսյանը չի ընդունել նրա պահանջները, հիմա խորհրդարանում նույն իրավիճակն է, հարցրեցինք Ստյոպա Սաֆարյանին: «Րաֆֆի Հովհաննիսյանը չի թողել, որպեսզի ճգնաժամը հասնի իր գագաթնակետին եւ ճգնաժամից գիտակցված իշխանության հետ երկխոսություն սկսվի։ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց արագ հիմնական օրակարգը դրեց Ս․Սարգսյանի սեղանին։ Դա ունի իր նվազագույն եւ առավելագույն շեմերը։ Սերժ Սարգսյանը եւ նրա իշխանությունը կարող են ընտրել, թե որն է իրենց բավարարում՝ նվազագո՞ւյն շեմը, թե՞ առավելագույնը»:

Դեռ հույսեր կարելի՞ է ունենալ, որ խորհրդարանական ֆորմատով կողմերը կարող են համաձայնության հասնել, հարցրեցինք Ստյոպա Սաֆարյանին: «Ազգային ժողովը ինքը պետք է գիտակցի իր պատասխանատվության բաժինը եւ չափը այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում։ Պարտադրելով չի, ճնշելով չի, այնտեղ նստած է Սերժ Սարգսյանի թիմը՝ ճնշող մեծամասնությամբ եւ նրանք հնարավորություն ունեն թույլ չտալ, որպեսզի ճգնաժամն այնքան խորանա, որը լուծելը ավելի բարդ լինի։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ իրենք գիտակցեն, որ ԱԺ-ն պարտավոր է ուղղակի արձագանքնել այդ իրավիճակին։ Գիտեք, «Ապահով Հայաստան» խոստացողը պիտի նաեւ Հայաստանը ապահովագրի ճգնաժամից եւ այդ ճգնաժամին տա լուծում, միայն բառերով չի: Ս․Սարգսյանի թիմը պետք է այդ հանգուցալուծումը տա», նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կազմեք՝ 10-20 հանձնաժողով և հարցերը քննարկեք; Ամեն ինչ լավ կլինի,՝ ինչպես միշտ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728