Գևորգյանի խոսքով` տնտեսագիտությունը զրոյական մակարդակի վրա է
«Հայաստանի պարագայում գիտությունը, որպես տնտեսության բնագավառ, կարեւոր է ցանկացած ռազմական արդյունաբերությունից եւ պետք է լինի երկրի զարգացման հիմքը: Մեր իշխանությունները այդ հանգամանքը ըստ արժանվույնս չեն գնահատում: Գիտությունը հո մենակ արդյունաբերության համա՞ր չէ, բա համալսարանում ո՞վ է դասախոսելու: Գիտությունը պետք է մեր կրթական համակարգին: Եթե ուզում ենք մրցունակ կրթություն ունենալ եւ «ուղեղի արտադրանք» վաճառել, լավ կրթություն պետք է տալ»,-այսօր Նախախորհրդարանի կազմակերպած «Գիտությունը և Հայաստանը. դերն ու հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԳԱՏԱՀ-ի հիմնադիր տնօրեն, ԳԱԱ ՕԴՔԳՏԿ ՄԿՈՒԿ ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը: Նրա խոսքով. «Հումանիտար գիտությունը այսօր սարսափելի վիճակում է, մինչդեռ մշակույթի հիմնքն է հանդիսանում»:
Խոսելով տնտեսական ոլորտից` «Արմակադի» հիմնադիր, «ԱՄՆ շրջանավարտների միության» նախագահ Խաչիկ Գևորգյանն ասաց. «Որքան ժամանակ է` տնտեսագետ եմ ման գալիս` հետը բանավիճեմ, բայց չկա: Տնտեսությունն այսօր զրոյական մակարդակի վրա է` հեռու համաշխարհային տնտեսական տենդենցներից եւ նորարարություններից»:
Գևորգյանի համոզմամբ. «Հասարակագիտության ոլորտում, մասնավորապես` տնտեսության եւ իրավագիտության կառավարման համակարգում պետք է մտցնել չափանիշներ: Օրինակ, պետք է սահմանվի, թե ինչու է այսինչ այսինչյանը դարձել ամբիոնի վարիչ: Դրա համար ճիշտ մոդել պետք է սահմանել, մասնավորապես` հայտարարություն տարածել, որ ամբիոնի վարիչը պետք է համապատասխանի այս եւ այն չափանիշներին, ոչ թե միջազգային գիտական պարբերականներում տպագրված գիտնականի կողքին հայտնվի տեղական թերթերում տպագրված ինչ որ աղբ: Այսօր չափանիշների բացակայությունը ամենամեծ խնդիրն է»:
Կարդացեք նաև
Գեւորգյանը փաստեց, որ Սովետական շրջանում ակադեմիկոսներին անգամ տաքսիսիտներն էին ճանաչում, իսկ հիմա գիտնական են համարվում եթերում շատ ելույթ ունեցողները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ