Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցը ինչպես ներողություն խնդրի, եթե հայցում նման պահանջ չկա

Փետրվար 28,2013 16:28

Զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով զանգվածային լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերով մոնիտորինգի արդյունքներն այսօր ամփոփեցին «Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի» փորձագետները:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են դատական ակտերը, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումից հետո գործերի քանակի դինամիկան:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման գործընթացից հետո այդ գործերով լրատվամիջոցների ներգրավվածությունը 2010-2012թթ.-ն այսպիսին էր. դատարաններում վարույթ է ընդունվել 71 քաղաքացիական հայց:

2010թ. հարուցվել է 17 գործ,  2011-ին՝ 37, իսկ 2012-ին՝ 17:

Զեկույցը 150 էջ է եւ տեղադրվել է կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Փորձագետներ Օլգա Սաֆարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը կոնկրետ օրինակներով անդրադարձան հայցային վաղեմության ժամկետներին, լրատվամիջոցներից ակնկալվող փոխհատուցման չափի իրավաչափությանը, պետական տուրքի չափին, դատարանի կողմից տարբեր չափորոշիչներ կիրառելու հարցերին, կապված պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելու, լրատվամիջոցների նկատմամբ օրենքով չսահմանված պարտավորություն դնելուն եւ հայցի ապահովման միջոց կիրառելուն, մասնավորապես, դատական արգելանքին:

Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի ու Աննա Թորոսյանի, Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» թերթի գործերով դատարանները, ըստ փորձագետների, սահմանել են «ներողության հայցում», ինչը դուրս էր հայցապահանջի սահմաններից: Ավելին, «Հրապարակի» դեմ գործով, դատարանը մինչ դատական քննությունը հայցի ապահովման միջոց էր կիրառել:

Ըստ մոնիտորինգի՝ դատարանները միատեսակ մոտեցում չեն ցույց տալիս պետական տուրքի չափը հաշվարկելիս:

39 հայցից 9-ը, ըստ Օլգա Սաֆարյանի, դատարանների վարույթ է ընդունվել պետական տուրքը հայցվորի կողմից չվճարելու կամ պակաս վճարելու հիմքով: 3 գործով էլ հայցվորի կողմից կատարված դատական ծախսերը (ասենք՝ փաստաբանին վճարվելիք կես միլիոն դրամ գումարը) դատարանները դիտել են գույքային պահանջ:

Մեկ գործով էլ՝ Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am լրատվական կայքի հիմնադիր, «Խմբագիր» ՍՊ ընկերության եւ լրագրողներ Էդիկ Անդրեասյանի եւ Աբել Միքայելյանի գործով, դատարանն անկանխատեսելի արգելանք էր կիրառել: Արգելել էր մինչ դատի ավարտը Հայկ Բաբուխանյանի գործով տպագրել որեւէ հոդված, հրապարակում: Այս ծիծաղելի արգելանքը, փորձագետների գնահատմամբ, գրաքննություն էր:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցին հետաքրքրում էր, թե, արդյոք, արձանագրված խախտումների համար «Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնը» դիմե՞լ է Արդարադատության խորհրդին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Կամ մտադի՞ր է դիմելու: Ի դեպ, «Իրավունքի գերակայություն» կազմակերպության ներկայացուցիչ,  իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ոք կարող է դիմել արդարադատության խորհուրդ:

Ա. Սաքունցը նկատեց, որ լրագրողներին «փաստերի անճշտության» համար դատելն ինքնին սխալ մոտեցում է, որովհետեւ լրագրողը քննիչ չէ. « Ինչպես է դատարանը գնահատում փաստի ճշտությունը, եթե համապատասխան փաստաթուղթ չկա»: Ափսոս, որ այս քննարկմանը դատավորներ չկային: Հատկապես նրանք, ովքեր ճանաչվել էին «Տարվա դատավոր», բայց փորձագետների դիտարկմամբ, անարդար վճիռներ էին կայացրել լրատվամիջոցների դեմ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728