Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից 11-ը եւ նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան:
«Յուրաքանչյուր տարի փառատոնը գնալով էլ ավելի է լավանում: Այնտեղ տաղանդների բազմազանությունն է ներկայացվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մասին նշեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 15.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Ակվարիում» ֆիլմով, որի ռեժիսորն է Անդրեա Արնոլդը:
Դեսպանի խոսքով՝ ջուրն այն բնական ռեսուրսն է, որի առկայությունը շատ է կարեւորվում: Յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա հնարավորություն օգտագործելու մաքուր ջուր. «Ջուրը արդար ձեւով պետք է բաշխվի մարդկանց մեջ: Հայաստանում կինեմատոգրաֆիայի հրաշալի ավանդույթներ կան, բազմաթիվ երիտասարդ ռեժիսորներից կուզենանք բացահայտել որեւէ մեկին, ում հետ հետագայում կհամագործակցենք»:
Կարդացեք նաև
Մարտի 11-ին փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Հայ ռեժիսորներն իրենց աշխատանքները նկարահանել են դեռ ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ+ H2O» կինոմրցույթի շրջանակում:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով՝ փառատոնը բազմազան է՝ ներկայացված է 9 ֆիլմ: Փառատոնի նորարարությունն այն է, որ ֆիլմերը կցուցադրվեն մարզերում, զորամասերում եւ համալսարաններում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանի համոզմամբ՝ փառատոնը կարեւոր առաքելություն է կատարում. «Ջուրը ամենակարեւորագույն հարստություններից է հայերի համար: Մեր ընկերությունը մաքսիմալ օգնություն կցուցաբերի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ