Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ողբերգության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

Փետրվար 28,2013 15:29

Այս օրերին Նյու Յորք քաղաքում տեղի են ունենում 1988թ. Սումգայիթում  իրագործված ոճրագործության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ:

Փետրվարի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում մատուցվեց հոգեհանգստի արարողություն` ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան          Կարեն Նազարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների ու ամերիկահայերի` ներառյալ Ադրբեջանից մազապուրծ փախած եւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեծ           թվով հայերի մասնակցությամբ:

Օրվա հիմնական բանախոս դեսպան Նազարյանն իր ելույթում, մասնավորապես,          նշեց, որ անհրաժեշտ է արթուն կեցվածք որդեգրել Ադրբեջանի կողմից նոր թափով իրականացվող վտանգավոր քարոզչության դեմ, որն աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ ԱՄՆ-ում, փորձում է նենգափոխել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների պատմությունը` հանդես գալով զոհի դերում եւ ծածկելով իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայերի: ՀՀ դեսպանը կոչ արեց համախմբվել հայոց պետականության, համայնքային կառույցների, եկեղեցու շուրջ` սանձազերծելու հայ ժողովրդի պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների ու արցախահայության ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները:

Փետրվարի 27-ին Հ.Բ.Ը.Մ.-ի կենտրոնատեղին հյուրընկալեց «Լեռնային Ղարաբաղ. սումգայիթյան հիշողություններից մինչեւ անկախ պետություն» խորագրով հուշ երեկո` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին, որի ժամանակ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի անգլերեն տարբերակն ու ներկայացվեց Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը լուսաբանող լուսանկարների ցուցահանդես:

Ձեռնարկին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը: Ըստ դեսպան Նազարյանի` սումգայիթյան ջարդերից 25 տարի  անց ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի ծանրագույն ոտնահարումների համար, եւ միջկառավարական ատյանները պետք է հարկադրեն Ադրբեջանին հարգելու միջազգային իրավունքի նորմերը` վերջ դնելով ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունների ու տարածաշրջանում ագրեսիա իրականացնելու համար անպատժելիությանը, ինչը կարեւոր է հարատեւ կայունություն, խաղաղություն ու արդարություն հաստատելու առումով:

Համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության անձնակազմից զատ միջոցառմանը մասնակցեցին նաեւ օտարերկրացիներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728