Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը՝ ուսխորհրդի անդամին. «Ախր էդքան սուտ մի խոսեք»

Փետրվար 28,2013 15:06

Ակտիվիստներն ու ուսխորհուրդների ներկայացուցիչները քննարկեցին դասադուլի թեման

Այսօր «Մեդիա» կնտրոնում լրագրողների հետ հանդիպման էին եկել դասադուլ անող ուսանողները  եւ մի քանի պետական բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ: Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ այսօր հայաստանյան բոլոր բուհերում գործող ուսխորհուրդները կուսակցականացված են.«Ուսանողները պետք է լինեն քաղաքական հայացքների կրողներ, այլ ոչ թե կուսակցական ֆիգուրներ»: Սրան հակառակ՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը հակադարձեց, թե  ինքը կուսակցական չէ. «Համալսարանում որեւէ ուսանողի չի պարտադրվում հետեւել այս կամ այն կուսակցական հայացքների»:

Ասուլիսին ներկա էին նաեւ Բժշկական համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը եւ Մանկավարժական համալսարանից ՀՀԿ անդամ,  ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:

Ակտիվիստները Վազգեն Մկրտչյանին խնդրեցին պարզաբանել, թե ինչու էին բժշկականի դարպասները փակել, եւ ուսանողը ստիպված ցատկել է դրա վրայով:

«Դա ընդամենը մի զավեշտալի դեպք է եղել, եւ այդ նույն ուսանողը ուղիղ  տասը րոպե հետո վերադարձել է համալսարան եւ դասի նստել: Նա ուղղակի ցուցամոլություն է արել»,-ասաց Մկրտչյանը:

Այստեղ Իոաննիսյանը միջամտեց. «Ախր էդքան սուտ մի խոսեք,  էլի»:

Ուսանողների վրա դռներ ու դարպասներ փակելու թեման շարունակեց նաեւ մանկավարժականի ուսնողուհի Աննա Դավթյանը. «Ինքս տեսա, թե ինչպես են մեր երեխեքն ուզում իջնել ու միանալ մեզ, բայց ասում էին, որ դռները փակ են ու դուրս գալ չեն կարող»: Սրան ի պատասխան՝ մանկավարժականի ուսխորհրդի  նախագահ Մարգարյանը նշեց. «Այո, դռները փակվել են, որպեսզի դասադուլ անողները չմիջամտեն դասապրոցեսին,  իսկ ովքեր ցանկացել են դուրս գալ, դուրս են եկել»:

Խոսք գնաց նաեւ ԵՊՀ կիրառական ֆակուլտետի ուսանողների այսօրվա դասադուլի մասին, ինչին կրկին հակադարձեց Րաֆֆի Քարամյանը. «Մեր կիրառական ֆակուլտետը այսօր  դաս է արել»:

Կրկին միջամտեց Դավթյանը. «Մենք տեսանյութեր ու հստակ թվեր ունենք»:
«Դուք հաշվել չգիտեք, եւ տեսանյութերն էլ ինքներդ նայեք»,-ասաց Քարամյանը:

Մթնոլորտը գնալով թեժացավ, եւ  բանախոսները սկսեցին  չլսել միմյանց:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728