Բայց դա եղել է 1988-ի շարժման ժամանակ
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց, որ իր կուսակցությունը համալսարանն է ու հատուկ ցույց տվեց համալսարանականի իր կրծքանշանը: Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի ու ախալքալակցիների պահվածքին՝ Ղարիբյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, թե ընդհանուր մասսայի մեջ ովքեր էին ախալքալակցի, ովքեր երեւանցի, երկուստեք վիրավորանքներ են եղել»: Աշխատակազմի ղեկավարի ասելով՝ Գեւորգ Մելքոնյանն ընդամենը փորձել է կանխել բախումը, ինչը այլ ընկալում է ունեցել:
Ինչ վերաբերում է Facebook-ում շրջանառվող հայտնի տեսանյութին, Ղարիբյանն ասաց, որ դեռ չի տեսել, քանի որ, իր ձեւակերպմամբ, «ժամանակ չունի արտացոլվել Facebook-ում»:
«ԵՊՀ-ն պատրաստում է լեզվաբան, թուրքագետ, ու այն ուսանողը, ով ակցիայի ժամանակ միջնամատով արտահայտություն էր արել, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնից էր, ու փոխարեն նստի եւ թուրքերեն սովորի, որը մեզ համար շատ կարեւոր է, զբաղված է այլ գործով: Ինչ վերաբերում է ախալքալակցիներին, նրանք եւս ուսանողներ են եւ իրավունք ունեն արժանապատվություն ունենալ ու պատասխանել հայհոյանքին, ինչը չեմ ուզում կրկնել»,-նշեց բանախոսը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ստացվում է վա՞տ առաջադիմությամբ ուսանողներն են բողոքի ակցիաների մասնակից, Ալիկ Ղարիբյանը շտապեց պատասխանել. «Ոչ, բնավ նման բան չասացի»:
Նա նշեց, որ կարող է անուն-ազգանունով թվարկել բողոքի ակցիայի բոլոր այն մասնակիցներին, որոնք համալսարանի ուսանող չեն. «Օրինակ, տեսա մի տիկնոջ, որը 50-60 տարեկան էր, հիշում եմ նաեւ ակցիայի պատասխանատու Տիգրանին … Առաջին օրը հանդուրժողականությամբ հետեւում էինք, թե ինչ են անում, ու քանի որ իրենց կոչերը վերածեցին միտինգի, ստիպված եղանք հորդորել, որ դուրս գան կրթական տարածքից… Շատ տգեղ է, որ էս ամենը համեմատում են 88-ի շարժման հետ, ես պատմաբան եմ, գիտությունների թեկնածու, ու որոշ գրականություն գոնե ուսումնասիրել եմ, կոչ եմ անում չարժեւորել այն իրադարձությունները, որոնք ստվերում են մեր գործունեությունը, եւ զուգահեռներ չտանել ժողովրդի կողմից սրբացված իրադարձությունների հետ»:
Հետաքրքրվեցինք՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը երբեւէ դասադուլի մասնակցած կա՞: «88-ին այո, դասադուլի մասնակցել եմ, բայց այն ժամանակ մեր կոչերը ազգային միասնության, ազգային համախմբմանն էին ուղղված»,-պատասխանեց Ղարիբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը,՝ դա այն մարդու տեսակն է, որը միայն դժբախտություն է իր ազգի
հանար: Իսկ դասադուլավորները, միանշանակ ազգի՝ խիղճը, պատիվը, պարծանքը: