Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվս այսպիսի հինգ տարի, եւ մենք կկորցնենք մեր երկիրը»

Փետրվար 28,2013 14:37

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ գործող իշխանությունների հանդեպ  հավատի պակասից առաջիկա հինգ տարում արտագաղթը ավելի շոշափելի կդառնա:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն ասում է, որ հինգ տարի առաջ հույս ուներ, որ  միգուցե Սերժ Սարգսյանը՝ իր կարողություններով ու քաղաքական պրակտիկայով, կնպաստեր Հայաստանին՝ մեկ քայլ առաջ կատարելու, սակայն նրա հույսերը չեն արդարացել:

«Դժբախտաբար, դա տեղի չունեցավ: Հինգ տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց: Ավելի ահագնացող դարձավ արտագաղթը, էլ ավելի ընդլայնվեց օլիգարխիկ համակարգը»,- ասում է գեղանկարիչը՝ նկատելով, որ առանձին մարդկանց կամ առանձին բնակավայրերի բարօրությունն ու առաջընթացը պետք չէ կապել իշխանությունների կամ կառավարման համակարգի հետ, քանի որ, ինչպես նշում է գեղանկարիչը, դրանք արտագնա աշխատանքի եւ մարդկանց սեփական ջանքերի արդյունքներ են:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Նիկոլ Աղաբաբյանը ասում է, որ հնարավոր է եւ անհրաժեշտ՝ հասնել իշխանափոխության: «Գոնե, ի նկատի ունենալով ժողովրդի ցանկությունը, ընտրությունների երկրորդ փուլ պիտի տեղի ունենա: Չի կարելի մարդկանց ապուշի տեղ դնել»,- նշում է գեղանկարիչը՝ դավաճան համարելով այն մարդկանց, ովքեր արհամարհում են ժողովրդի կարծիքն ու ցանկությունը:

Նիկոլ Աղաբաբյանի խոսքերով. «Մեր երկրում, այս հողի վրա, մեր ժողովրդին պետք է մի նախագահ, ով կծառայի ի շահ ժողովրդի եւ ժողովրդի համար»:

Aravot.am-ի այն նկատառմանը, որ կան մտավորականներ, ովքեր չեն խոսում քաղաքականությունից՝ պատճառաբանելով, որ ավելի կենտրոնացած են իրենց ներաշխարհի վրա, Ն. Աղաբաբյանը հակադարձում է. «Սխալ է: Մշակույթը այն իրականության արտացոլումն է, որի մեջ մենք ապրում ենք: Նրանք, ովքեր այդպիսի բան են ասում, ես վստահ եմ՝ պատերազմի ժամանակ նկուղներում թաքնված են եղել եւ ռազմի դաշտում երբեւէ չեն եղել: Ես նրանց կանվանեի վախկոտներ»:

Գեղանկարչի կանխատեսումները այսպիսի Հայաստանի ապագայի համար եւս լավատեսական չեն. «Մենք հեշտ չենք ձեռք բերել մեր երկիրը, որ հեշտ կորցնենք, իսկ իմ համոզմամբ՝ եւս այսպիսի հինգ տարի, եւ մենք կկորցնենք մեր երկիրը»:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    ,,կան մտավորականներ, ովքեր չեն խոսում քաղաքականությունից՝ պատճառաբանելով, որ ավելի կենտրոնացած են իրենց ներաշխարհի վրա,,
    Շատ հետաքրքիր է էտ սուտի մտավորականների ,,ներաշխարհը,, երբ պիտի պոռթկա, եթե ոչ հիմա, երբ ողջ ժողովուրդը Ազատության հրապարակում նրանց կարիքն ունի, թող իզուր ,,կռուտիտ,, չլինեն թե քաղաքականությունից հեռու են, ժողովրդի կողքին լինելը բնավ չի նշանակում քաղքականությանը մոտ լինել, այլ նշանակում է միայն մեկ բան` սատարել ժողովրդին ստի ու կեղծիքի, անարդարության ու զոռբայության դեմ պայքարում, կանգնել ժողովրդի կողքին` ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհում իրական ժողովրդավարություն ու ժողովրդի իշխանություն ստեղծելու ճանապարհին:
    Հիմա է, որ պիտի երեվա, թե ովքեր են իրական մտավորականները, ժողովրդի սերուցքը, որ ժողովրդական կամ վաստակավոր կոչվելու իրավունք ունի: Ռուբեն Հախվերդյանն ու Վարդան Պետրոսյանը միշտ էլ եղել են բարձունքում, իսկ այդ բարձունքը ժողովրդի կողքին է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728