Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւակա՞ն է մշակութային ապակենտրոնացումը

Փետրվար 28,2013 14:30

Մեկնաբանում են մարզային թատրոնների տնօրենները

Կառավարության որդեգրած սկզբունքը՝ մշակույթի ապակենտրոնացման եւ մարզերում խոշոր մշակութային ծրագրերի իրականացման մասին, արդյոք ձեւական բնույթ չի՞ կրում: Օրինակ, վերջերս Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, սակայն մի՞թե դա բավական է ասելու, որ այսօր մեր մարզերն ապրում են ակտիվ մշակութային կյանքով կամ էլ ձերբազատվել ենք մայրաքաղաքը մշակութային մոնստրի կարգավիճակով ապրեցնելու մտքից:

«Առավոտը» կապվեց մարզային թատրոնների ղեկավարների հետ, քանի որ ցանկացած մարզում թատրոնն է ամենախոշոր մշակութային օջախը, որի գործունեությամբ են պայմանավորված բոլոր գեղարվեստական իրադարձությունները: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի հավաստիացմամբ՝ թատրոնն ապրում է հագեցած կյանքով: «Խաղացանկում ունենք 24 ներկայացում, խաղում ենք նաեւ գյուղերում: Մարտի 17-ին էլ մեր թատրոնում պրեմիերա է՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Առանց այլանդակի» կատակերգությունը: Կոնկրետ մենք մշակույթի նախարարի հետ նախաձեռնել ենք հուլիսի 1-10-ը Գյումրիում անցկացնել «Դուետ» փառատոնը, որին կմասնակցեն Երեւանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի թատրոններն ու թատերախմբերը, ինչպես նաեւ Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը»,- հայտնեց պարոն Խաչատրյանը, հավելելով, թե կոնկրետ Գյումրիի հանդիսատեսը բավարարված է ոչ միայն թատերարվեստի, այլեւ մշակույթի մյուս ոլորտների «մասով»:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն էլ կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե ինքն այնքան է տարված թատրոնով, որ իրենց մոտ կայացած մյուս մշակութային միջոցառումների մասին չի կարող խոսել: «Թատրոնի խաղացանկում ունենք 18 ներկայացում, առաջիկայում էլ 4 պրեմիերա կհանձնենք հանդիսատեսի դատին: Մեր թատրոնը, օրինակ, 2012թ. տարբեր ներկայացումներով հանդես է եկել Ստեփանավանում, Ալավերդիում, Տաշիրում, Արցախում եւ այլն: Հիմա էլ ծրագրել ենք թատրոնի բեմը տրամադրել նաեւ Երեւանի օպերային ու դրամատիկական թատրոններին, ինչպես նաեւ կրկեսին»,- ասաց պարոն Չախմախչյանը, նշելով, որ իր ղեկավարած թատրոնը մայիսին հանդես կգա նաեւ Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնում:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը հատկապես նշեց, որ իրենք մշակույթի նախարարության օժանդակությամբ հանդես են եկել Վայոց ձորում, Գեղարքունիքում եւ մասնակցել Հայաստանում պարբերաբար անցկացվող թատերական փառատոներին: «Մեր թատրոնին աջակցում են մարզպետը, մարզպետարանի վարչության պետը, ինչպես նաեւ դպրոցների տնօրենները: Օրինակ, դպրոցական մեծամասշտաբ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար տնօրենների խնդրանքով թատրոնի բեմը տրամադրում ենք դպրոցականներին, որոնք մեծ ոգեւորություն են ապրում պարզ պատճառով՝ մի բան է բարձրանալ դպրոցի բեմ, այլ բան՝ թատրոնի: Մեր խաղացանկում ունենք ներկայացումներ երեխաների ու պատանիների համար եւս, օրինակ՝ Արցախում 2012թ. խաղացինք Շիրվանզադեի «Չար ոգին» եւ այլն»,- հայտնեց տիկին Սայադյանը: Նա կեսկատակ-կեսլուրջ ասաց նաեւ, որ մեկ-մեկ էլ ռիսկի են դիմում՝ օրինակ բերելով իրենց թատրոնում առաջինը բեմ բարձրացած սփյուռքահայ ճանաչված գրող Ավետիս Ահարոնյանի «Երբ ձյունն իջնում է» ստեղծագործությունը: Նշեց նաեւ, որ ապրիլին Արտաշատի թատրոնը կխաղա նաեւ Երեւանում:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը մեզ հետ զրույցի սկզբում նշեց, որ իրենք շուրջ 3 տարի է՝ աշխատում են մշակույթի նախարարության միջմարզային համագործակցության ծրագրով, ինչից շատ գոհ են: Այս ծրագրով հյուրախաղերի են մեկնել ոչ միայն հայաստանյան մարզեր, այլեւ Արցախ: «Ծրագրել ենք Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում այս տարի հանդես գալ երկու ներկայացումով, որոնցից մեկն արդեն որոշված է. Սարոյան՝ «Իմ սիրտը լեռներում է»: Մեր թատրոնը իսկապես, առանց չափազանցնելու, գերհագեցած կյանքով է ապրում, չենք անտեսում նաեւ ելույթները գյուղերում, մանավանդ՝ մանկական ներկայացումներով: Տարբեր հեքիաթների, մանկապատանեկան գրականության գործեր ենք մեկտեղել «Հեքիաթին հյուր», «Գիքորը 21-րդ դարի», «Երաժշտության հրաշքները» բեմադրություններում: Բնական է, որ գյուղերում ներկայացում խաղալը դժվար է, որովհետեւ չկա համապատասխան տեխնիկա, դեկորները չեն համապատասխանում բեմերին եւ այլն: Կարճ ասած՝ գյուղական հանդիսատեսը փաստորեն զրկված է լիարժեք ներկայացում դիտելու հնարավորությունից, հետեւաբար մենք աշխատում ենք հնարավորինս գյուղաբնակներին բերել մեր թատրոն»,- ասաց պարոն Հարությունյանը: Ինչ վերաբերում է տեղի մշակութային կյանքին ընդհանրապես, նա հայտնեց, որ կայուն գործունեություն են ծավալում նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ժողգործիքների անսամբլը, պարային խմբեր եւ այլն:

Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Կամո Արզումանյանի խոսքերով՝ այսօր թատրոնն ունի խաղացանկային 7 բեմադրություն, 3-ը հանված է՝ որոշ դերասանների՝ ՌԴ մշտական բնակության մեկնելու պատճառով: «Մենք սպասարկում ենք նաեւ տարածաշրջանն ու ազատագրված բնակավայրերը՝ Մեղրի, Ագարակ, Սիսիան, Քաջարան, Քաշաթաղ եւ այլն, մասնակցում ենք հայաստանյան տարբեր փառատոների, այդ թվում՝ «Հայֆեստ», «Թատերական Լոռի»: Քաղաքն ունի մշակութային կենտրոն, ներկայանալի ցուցասրահ, սակայն ես առաջարկել եմ, որ մեր նկարիչները իրենց գործերը ցուցադրեն նաեւ թատրոնի ճեմասրահում: Ծրագրել ենք համագործակցել Ստեփանակերտի եւ Շուշիի թատրոնների հետ: Շուշիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանի հետ բանակցելուց հետո մտահղացավ մեր երկու թատրոնների ուժերը համատեղել մեկ բեմադրության մեջ: Հավանաբար դա կլինի դրամատուրգ Կարինե Խոդիկյանի գործերից: Այս ուսումնական տարվանից Կապանում բացվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղը: Օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարը ընդառաջելով մեր խնդրանքին, հայկական բանակի 3-4 զինծառայողի թույլատրել է ծառայությունը համադրել ստեղծագործական գործունեության հետ»,- հայտնեց պարոն Արզումանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728