Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ ծավալի տեղեկատվություն կտրամադրվի Վ. Հարությունյանին

Փետրվար 28,2013 14:26

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԱԾ հաշվառման եւ արխիվային ֆոնդերի վարչության պետ Գ. Տեր-Վարդանյանը:

– Պարոն Տեր-Վարդանյան, վերջին ժամանակաշրջանում հանրությանը պարբերաբար ներկայացվում են «Իրավունքի եւ ազատության» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությունները, որ վերջինս դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ խորհրդային ժամանակաշրջանի այլախոհական շարժման համար դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռներն իրեն տրամադրելու խնդրանքով՝ հանրագիտարանային բնույթի գիրք հրատարակելու նպատակով, սակայն երկու անգամ մերժում է ստացել: Իսկ վերջերս էլ «Առավոտ» թերթին տեղեկացրեց, որ այդ հարցի վերաբերյալ Վ. Հարությունյանի եւ ԱԱԾ-ի միջեւ համաձայնություն է կայացել: Խնդրում եմ մանրամասնել:

– Համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի՝ մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով: Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության հիման վրա անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ: Վարդան Հարությունյանին հայցվող դատավճիռները չեն տրամադրվել «Արխիվային գործի մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն, քանի որ նրա կողմից չեն ներկայացվել տվյալ գործերով դատապարտված անձանց գրավոր համաձայնությունները: Ուստի, Վարդան Հարությունյանի խնդրանքը բավարարելու համար անհրաժեշտ է, որ նա ԱԱԾ ներկայացնի իր կողմից բերված ցուցակում նշված անձանց, իսկ նրանց մահացած լինելու դեպքում, նրանց ժառանգների գրավոր թույլտվությունը:

– Պարոն Տեր-Վարդանյան, կարծիքներ են հնչում, որ ԱԱԾ-ն գաղտնագրում է դատարանի վճիռները, որոնք ժամանակին հրապարակվել են դռնբաց դատական նիստերում:

– Ուզում եմ հատուկ շեշտել, որ ԱԱԾ-ն վերոհիշյալ դատավճիռները չի գաղտնագրել: Այդ դատավճիռները կայացվել են դռնբաց նիստերում եւ դատարանի պարտականությունների մեջ էր մտնում դրանք դատապարտյալներին հանձնելը: Սակայն «Արխիվային գործի մասին» օրենքի ընդունումից հետո ԱԱԾ արխիվում պահվող քրեական գործերում առկա դատավճիռներն արդեն դիտվում են որպես արխիվային փաստաթղթեր եւ դրանց վրա տարածվում են վերոնշյալ օրենքով նախատեսված սահմանափակումները:

– Այդ դեպքում ի՞նչ ծավալի տեղեկատվություն կտրամադրվի Վ. Հարությունյանին:

– Հանդիպման ընթացքում Վարդան Հարությունյանին հայտնվել է, որ իրեն կտրամադրվեն քաղվածքներ դատավճիռներից, որոնցից կհանվեն բացի դատապարտյալներից, տվյալ դատավճիռներով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ պահպանելով դատավճիռներում նշված այլ անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով պաշտպանվող գաղտնիությունը: Վ. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել հարցի լուծման համար ներկայացնել դատապարտված անձանց, իսկ վերջիններիս մահվան դեպքում ժառանգների՝ օրենքով պահանջվող գրավոր թույլտվությունը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728