Քաղաքային եւ թաղային իշխանությունները հարցը «լղոզում» են
Կոմիտաս 3 շենքի բնակիչները 3-4 տարի է՝ պայքարում են իրենց ննջասենյակների լուսամուտների տակ գիշերային ժամերին աղմուկ-աղաղակ բարձրացրած գիշերային հերթափոխով աշխատող տաքսու վարորդների, կրպակների գինովցած հաճախորդների ու բոմժերի ներկայությունից: Այդ շենքի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանը վստահեցնում է, որ այդ հավաքատեղիի մեղավորը գիշերն աշխատող կրպակներն են, որոնք էլ իրենց շուրջը հավաքում են «գիշերային մարդկանց»: Պարոն Վիրաբյանի խոսքերով՝ այդ կրպակների պատճառով մայթը եւ կանգառը նույնպես «բռնազավթված» են, եւ քաղաքացիները, տրանսպորտին սպասելիս, ստիպված փողոցում են կանգնում: Ըստ նրա՝ ննջասենյակից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա 2 մամուլի կրպակ է տեղադրված, մեջտեղում՝ կարկանդակների ու զովացուցիչ ջրերի կրպակներ, իսկ ամռան ամիսներին էլ պաղպաղակի կետ է ավելանում. «Պատուհանիս տակ ասիական շուկա է ու «ռազբորկաների» կենտրոն»:
Քաղաքային եւ թաղային իշխանություններին ուղղված քաղաքացի Վիրաբյանի բողոքները մեկ պատասխան են ստանում. «Տնտեսվարողները խստորեն զգուշացվել են՝ այսուհետեւ աշխատանքները շարունակել՝ պահպանելով առեւտրի իրականացման եւ սանիտարական պահանջները պատշաճ եւ բարեկարգ վիճակում»:
Միակ կառույցը, որ բնակիչների սրտով պատասխան է տվել, եղել է ճանապարհային ոստիկանությունը, որը, գնալով Կոմիտաս 3 շենքի բնակիչների բողոքի հետքերով, պարզել է, որ այդ հատվածի կանգառի սպասասրահի աջ եւ ձախ կողմերը զբաղեցված են սննդի ու մամուլի վաճառք իրականացնող կրպակներով, եւ մարդիկ, մայթի զբաղվածության պատճառով, տրանսպորտին ստիպված սպասում են երթեւեկելի գոտում: Ճանապարհային ոստիկանությունը նաեւ արձանագրել է, որ երթուղային տրանսպորտային միջոցներն էլ ուղեւոր իջեցնելու եւ նստեցնելու համար հաճախ զբաղեցնում են երկրորդ երթեւեկելի գոտին՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը, հիմք ընդունելով այդ ամենը, դիմել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին՝ տվյալ տարածքը հնարավորինս ազատագրելու կրպակներից եւ այն համապատասխանեցնելու քաղաքաշինության նորմերին եւ պահանջներին: Նշենք, որ Կոմիտաս 3 հասցեի բնակիչները ճանապարհային ոստիկանությանը նաեւ դիմել էին Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեսախցիկ տեղադրելու խնդրանքով, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ այն կտեղադրվի այս տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ