Չլսելով մյուս հարցերը՝ գյուղնախարարը միանգամից տեղից վեր կացավ եւ դուրս եկավ սրահից` ասելով, որ ասուլիսը վերջացել է
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լքեց ՀՀ կառավարության մամուլի սրահը` չսպասելով, որ լրագրողները վերջացնեն իրենց հարցերը: Գյուղատնտեսության նախարարին պարզապես հունից հանեց լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին եւ սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել:
Նախարարը պատասխանեց. «Մրցույթ եղել է»: Հարցի շարունակությունը, թե ինչո՞ւ են մրցույթներում մշտապես շահում նույն ընկերությունները եւ ինչո՞ւ հնարավորություն չի տրվում այլ տնտեսվարողների եւս շահել նմանատիպ մրցույթներում, պարոն նախարարն այս անգամ արդեն վրդովված պատասխանեց. «Դե որովհետեւ հարմար գին այդ ընկերություններն են առաջարկել»:
Չլսելով մյուս հարցերը՝ Սերգո Կարապետյանը միանգամից տեղից վեր կացավ եւ դուրս եկավ սրահից`ասելով, որ ասուլիսը վերջացել է:
Պարոն նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորով կառավարության նիստից հետո ասուլիս էր հրավիրել՝ այս տարվա ծրագրերը ներկայացնելու:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ