Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կենտրոնական գրասենյակի համակարգողի դիմում բողոքը ԿԸՀ-ին

Փետրվար 28,2013 13:31

ՀՀ ԿԸՀ նախագահ,

պրն. Տիգրան Մուկուչյանին

Հարգելի պրն. Մուկուչյան,

 

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգի եռօրյա ժամկետում Ձեզ ներկայացվում է սույն բողոքը թիվ 25 ԸԸՀ-ի՝ «2013թ. փետրվարի 23-ին» կայացրած N 63-Ա որոշման վերաբերյալ, որով մերժվել են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի դիմումները 25/1, 25/16, 25/21, 25/32, 25/36, 25/38 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու մասին:

Թիվ 25 ԸԸՀ-ի նիստին մասնակցել է ՀՀ նախագահի թեկնածուի վստահված անձ Լուսինե Պետրոսյանը: Կարճատեւ նիստի ընթացքում վստահված անձը անհամաձայնություն է հայտնել ԸԸՀ նախագահի այն մեկնաբանությանը, թե դիմումները պետք է ներկայացվեին ՀՀ նախագահի թեկնածուի կողմից: Լ. Պետրոսյանը փաստարկել է, որ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչն է ԿԸՀ-ում, հետեւաբար իրավասու է ստորագրել եւ դիմել ընտրական ցանկացած ատյանի ցանկացած հարցով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի կողմից եւ անունից:

Անիմաստ համարելով վիճաբանության ծավալել արդյո՞ք նախագահի թեկնածուի լիազոր ներկայացուցիչը իրավասու է թեկնածուի անունից հանդես գալու (հակառակը պնդելը, ինչը արվում էր թիվ 25 ԸԸՀ-ի անդամների կողմից արդեն իրավագիտակցության հետ խնդիր ունենալու հարց է,) վստահված անձը ուղղակի վերցրել է ԸԸՀ-ի արդեն պատրաստ եւ կնքված N 63-Ա որոշման օրինակը:

Մինչ Վարչական դատարան դիմելը, Ընտրական օրենսգրքի թիվ 46 հոդվածի պահանջից ելնելով դիմում ենք ԿԸՀ՝ չեղյալ համարելու թիվ 25 ԸԸՀ-ի N 63-Ա որոշումը հետեւյալ հիմքերով.

1. ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը դիմել է ՀՀ նախագահի թեկնածուի անունից եւ կողմից, մինչդեռ ԸԸՀ-ն հակաիրավական մեկնաբանություններ տալով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը չի քննարկել:

2. Թիվ 48 հոդվածի 1-ին կետի մեջբերումից, որն առկա է թիվ 25 ԸԸՀ-ի N 63-Ա որոշման տեքստում չի հասկացվում՝ արդյո՞ք թեկնածուին մերժվում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունքը՝ պատճառաբանությամբ, թե թեկնածուն քվեարկության արդյունքների ամփոփմանը ներկա չի եղել:

Հաշվի առնելով, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 48 հոդվածի 1-ին կետն ունի տարընթերցումներ, մասնավորապես, արդյո՞ք «Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը…» ձեւակերպումը վերաբերվում է թեկնածուին, թե՞ ոչ, խնդրում ենք հստակեցնել ԿԸՀ դիրքորոշումը քվեարկության արդյունքների վերահաշվարկի հարցում թեկնածուի իրավունքների վերաբերյալ:

Ավելորդ չենք համարում մեջբերել, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի անգլերեն տարբերակում, որն անցել է միջազգային փորձաքննություն, այդ թվում Վենետիկի հանձնաժողովում եւ տեղադրված է ՀՀ ԿԸՀ կայքում, խնդրո առարկա ձեւակերպումը հնչում է հետեւյալ կերպ.

”1. A candidate or proxy who was present in the process of summarizing the voting results in the electoral precinct…”.

Ակնբախ է, որ անգլերեն տարբերակում, տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը ներկա գտնվելու պահանջը վերաբերվում է միայն վստահված անձին, եւ ոչ թեկնածուին: Տրամաբանորեն էլ թեկնածուն լավագույն դեպքում մեկ տեղամասում կարող է ֆիզիկապես գտնվել, հետեւաբար նրան մյուս տեղամասերի համար դիմելու իրավունքից զրկելը ըստ էության ոչնչացնում է վերահաշվարկ պահանջելու իրավունքի օբյեկտիվ իրացման հնարավորությունը:

Կից ներկայացվում է թիվ 25 ԸԸՀ-ի 63-Ա որոշման պատճենը, իսկ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի դիմումները 25 ԸԸՀ-ին ԿԸՀ-ում մուտքագրվել են փետրվարի 22-ին:

 

Հարգանքներով՝

 Լուսինե Պետրոսյան

 ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի

Վստահված անձ,

«Ժառանգություն» կուսակցության

Կենտրոնական գրասենյակի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728