Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Տրամաբանական միակ զարգացումը երկրորդ փուլի անցկացումն է»

Փետրվար 28,2013 12:52

– Արդեն մի քանի օր է, ինչ բազմաթիվ քաղաքացիներ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, դուրս են եկել փողոց, հանրահավաքներ, երթեր են անցկացնում։ Դեպի ո՞ւր է գնում սկսված, այսպես կոչված, «Բարևի» հեղափոխությունը, ի՞նչ զարգացումներ այն կարող է ունենալ։

– Կլինի առաջխաղացում, բայց հետընթաց չի լինի։ Զարգացումների տարբերակներից մեկն այն է, որ գործող նախագահն ընդունի իրողությունը։  Իսկ  իրողությունն   այն  է,   որ   Սերժ Սարգսյանը պարտվել է, և նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մեր հասարակությունը սրանում համոզված է։ Գործող իշխանությունը, կարծում եմ, չի զիջի իշխանությունը, նրանք իշխանությունը բռնազավթման մեթոդով իրենց ձեռքում են պահում, ինչը, համոզված եմ, որ ոչ մի լավ բան չի բերի ո՛չ հասարակությանը, ո՛չ իշխանությանը։ Այս իրողությունը, սակայն, իշխանական լծակներին մոտ գտնվող մարդիկ չեն գիտակցում։ Հետևաբար՝ շատ բան կախված է հասարակության դրսևորած համառությունից՝ այլ լուծումներ գտնելու առումով։ Կարծես թե հեռանկարը կա, որ հասարակությունը խաղաղ ճանապարհով է պահանջում իր դե ֆակտո դրսևորվող կամքը դարձնել դե յուրե։ Հնարավոր է, չեմ բացառում, որ կողմերը գնան միջանկյալ լուծումների։ Եթե իշխանությունները վստահ են, որ իրենք հաղթել են, թող հայտարարեն երկրորդ փուլ։ Վստահ եմ, որ հասարակական  ակտիվությունն  ավելի  մեծ կլինի, ու տեղի կունենա համերաշխ լուծում, չի երկփեղկվի հասարակությունը,  ընտրությունների վերահսկման ավելի մեծ հնարավորություն կստեղծվի։ Իհարկե, կասկած չունեմ, որ երկրորդ  փուլում   Րաֆֆի   Հովհաննիսյանը հաղթանակ կտանի, բայց նրանք, ովքեր հակառակն են պնդում, երկրորդ փուլի միջոցով պետք է ապացուցեն իրենց ճշմարտացիությունը։ Ե՞րբ է երևում, որ իշխանությունը պարտվել է։ Երբ խոչընդոտում են Րաֆֆի Հովհաննիսյանի և մարդկանց հանդիպումները, երբ ձևականորեն խոսում են արտոնված հանրահավաքների մասին։ Այս դեպքերում ակնհայտ է դառնում, որ իրենք պարտված են, այլապես կարող են ասել հանդիպեք, հանրահավաք և երթեր անցկացրեք, և կհամոզվեք, որ դուք փոքրամասնություն եք։ Բայց սա չի արվում, որովհետև իրենք ևս կարծում են, որ պարտվել են։ Բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտոին, կարծում եմ, չեն դժբախտանա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակվի

նախագահ, ընդհակառակը՝ ավելի ուրախ կլինեն։ Տրամաբանական միակ զարգացումը երկրորդ փուլի անցկացումն է։

– Բայց չէ՞ որ երաշխիքներ չկան, որ երկրորդ փուլը չի ավարտվի նույնկերպ, և, որ չեն լինի խախտումներ, ընտրակեղծիքներ։

– Իհարկե, երաշխիքներ երբեք չկան։ Բայց երկրորդ փուլի դեպքում կուժեղանա հասարակական հսկողությունը, ինչպես նաև քաղաքական այն ուժերը, որոնք մի կողմ էին քաշվել, այս կամ այն կերպով գուցե մասնակից դառնան երկրորդ փուլին։ Ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը թերագնահատեցին, որ մարդիկ ուզում են, պահանջում են, որ իրենց արժանապատվությունը չոտնահարվի, որ բոլորն օրենքի առջև հավասար լինեն։ Մարդկանց բողոքը սոցիալական անապահով պայմանները, ցածր աշխատավարձերը կամ թոշակները չեն, այլ ստրուկի կարգավիճակից ու անարդարության մթնոլորտից դուրս գալն է։ Հասարակությունը փոխվել է, ներկա կառավարման մեթոդն էլ իրեն սպառել է։ Գործող իշխանությունը մարդուն արժանապատիվ վերաբերվելու առումով իրեն սպառել է ու պետք է զիջի իր տեղը մեկ ուրիշին։ Այս ընտրությունների հաղթանակն ինձ համար ակնհայտ մեկն է. հասարակությունն ընդգծեց, որ դեմ է մարդու  արժանապատվությունը նսեմացնող ցանկացած երևույթի։

– Անընդհատ շեշտվում է այն մասին, որ քաղաքացիական դիրքորոշման ընկալումները նախորդ ընտրությունների համեմատ աճել են։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե գործ է անում ժողովուրդը, և ոչ թե՝ բողոքավոր զանգվածի ղեկավարը։ Ի՞նչ է ստացվում։ Որ ժողովո՞ւրդն է Րաֆֆի Հովհաննիսյանին տանում առաջ։

– Ո՞վ՝ ո՞ւմ է տանում՝ երկրորդական է, ավելի կարևոր է, որ երկուսն էլ միմյանց զուգահեռ, համընթաց քայլեն։ Պետք է ընդունել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հավատաց   ժողովրդին։   Դեռ ընտրություններից առաջ անտարբերության մթնոլորտ էր սերմանվում, հիշո՞ւմ եք։ Ասվում էր, թե ամեն ինչ վերջացած է, պետք է Սերժ Սարգսյանին մենակ թողնել ոչ լեգիտիմ նախագահի կարգավիճակում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց ժողովրդին,    ժողովուրդն    էլ՝    իրեն։    Հիմա կարևորն  այն  չէ,   թե  ո՞վ՝  ո՞ւմ  է  տանում, կարևորն այն է, որ համահունչ լինեն։

– Ասացիք, որ տրամաբանական կլիներ, եթե որոշվեր երկրորդ փուլ անցկացնել։ Կարծում եք՝ իշխանությունը կգնա՞ այդ կոմպրոմիսային տարբերակին։

– Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համագործակցության  ձգտող դիրքորոշումը, բայց, դժբախտաբար, չեմ կարծում, որ իշխանությունները զիջումների կգնան։ Գործող իշխանությունը կզիջի միայն պարտության դեպքում։ Գուցե հասարակությունը տևական պա¬քարի մե՞ջ մտնի, չգիտեմ։ Այսօրվա իշխանությունները չեն գիտակցում, որ իշխանությունը համառությամբ պահելու իրենց դիրքորոշումն իրենց վրա հետագայում շատ ավելի թանկ է նստելու։ Պետք է ընդունել հասարակության հաղթանակը, շնորհավորել հասարակությանը, ոչ թե ամեն գնով պահել։ Ռուսական մի ասացվածք կա՝«не пойман3 не вор»: Գուցե և չեք բռնվել, բայց բոլորն էլ գիտեն, որ գողացել եք։ Գիտեմ, որ հարցը չի լուծվի այն եղանակով, ինչին շատերը սպասում են, բայց հույս կա, որ կգտնվի միջանկյալ լուծում՝ երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում իշխանության համար վիճակն ավելի վատ կլինի, քան այս պահին։ Ավելացնեմ միայն մեկ բան. Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի մտնել պատմության մեջ՝ որպես նոր Հայաստանի կերտող՝ փոխանցելով իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին։ Երբեմն կա պարտություն, որը երկու-երեք հաղթանակ արժե։ Նախագահական ընտրություններում իր տարած պարտությունը նա կարող է վերածել եռակի հաղթանակի՝ փոխանցելով իշխանությունը։

– Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ կոմպրոմիսային տարբերակ, կամ, ինչպես ասացիք, միջանկյալ լուծում չգտնեն, այս պայքարի շարունակությունը ո՞րն է լինելու։

– Գուցե դա հաղթողներն են պատկերացնում, համենայնդեպս, ես ինքս չեմ պատկերացնում։ Բայց այն, որ իշխանությունը, արդեն նախկին իշխանությունը, պետք է համոզվի, որ իրենց չեն ընդունում, դա միանշանակ է։ Իրենք էլ են համոզվել, որ այլևս ունակ չեն փոխվելու, փոփոխման շանսը կորցրել են։ Այս օբյեկտիվ պահանջը չգիտակցելը շատ թանկ գին կունենա իրենց համար։

– Նկատի ունեք, որ հնարավոր է՝ Մարտի մեկը կրկնվի՞։

– Ոչ։ Պատմությունն այս ընտրություններով չի  վերջանում։  Տարիներ կանցնեն,  ու այս սխալների համար պատասխան կտան։ Իրենք արդեն  առիթներ  ստեղծել են  հետագայում վճարելու համար, թող նոր առիթներ չստեղծեն:

– Կարծես մինչ այս պահը երկու կողմերն էլ զիջումների չեն գնում, համենայնդեպս, այս պահին նման մտադրություն էլ չունեն։ Սրա արդյունքում՝ բախումներ, առճակատում հնարավո՞ր է լինի։ Մարտի մեկի կրկնությունը հավանակա՞ն է։

– Բախում կարող է լինել մեկ դեպքում, այն է՝ եթե իշխանությունը կազմակերպի պրովոկացիա, ինչը, կարծում եմ, կլինի իրենց ամենամեծ սխալը։ Հաղթած հասարակությունը բախման  չի  գնա,  պարզապես  իր մեծամասնությամբ  կպահանջի  իր  իշխանությունը։  Երբ Սահմանադրություն էինք մշակում, ես առաջարկում էի ներառել մի կետ, որը, սակայն, չընդունվեց, ըստ որի՝ իշխանության բռնազավթման դեպքում հասարակությունն իրավունք ունի ապստամբելու։ Ես ապստամբության կոչ չեմ անում, բայց զոռբայությամբ իշխանության ղեկը վերցնելը ճիշտ չէ։ Մեր հասարակության ներկայացուցիչները մեծ մասամբ ԱԺ-ում ներկայացված են, և, եթե նկատել եք, բացի ՀՀԿ-ից, քաղաքական ուժերից ոչ մեկը չի ընդունել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է։ Սրանից լավ ապացույց, որ ընտրվել է Րւսֆֆի Հովհաննիսյանը, գոյություն ունի՞։ Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ հասարակական որակական փոփոխություն կլինի, ինչը միանգամայն դրական եմ համարում։ Կան մարդիկ, ովքեր խոսում են արտաքին վտանգներից, պատերազմական գոտում գտնվելուց, բայց նման երևույթները մեջբերողները պետք է հասկանան, որ հասարակության բևեռացումը նույնքան վտանգավոր է, որքան արտաքին անհամաձայնությունը։ Դրա համար, կարծում եմ, լավագույն տարբերակն իրողությունն ընդունելն է՝ համերաշխության պարագայում, հակառակ դեպքում ակնհայտ է երկփեղկվածությունը, ճգնաժամի խորացումը, ու այս ամենը հանուն ինչի՞։ Հանուն նրա, որ լկտիությամբ ու զոռբայությամբ աչքի ընկնողները շարունակեն իրենց անելի՞քը։

– Իսկ ի՞նչ եք կարծում, Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի՞ անել այն, ինչ 5 տարի առաջ, ըստ էության, չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին։

– Բոլորն ընդունում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, բայց այն ժամանակ խոսում էին այն մասին, որ քաղաքական մի թիմի երկու հատվածներ իրար դեմ են դուրս եկել։ Սա համապատասխանում էր իրականությանը։ Այսօր իրար հետ չեն կռվում պառակտված թիմի մասերը։ Մի կողմից իշխող թիմն է, մյուս կողմից հասարակությունը, որին ընդառաջ է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որակական տարբերությունը զգո՞ւմ եք։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում կար տեսակետ,  որ նրանք կգան իշխանության, բայց երևույթի փոփոխություն չեն բերի, հիմա այդպես չէ. հասարակությունը մերժել է անարդյունավետ կառավարման եղանակն ու վստահել իր կառավարումը նոր թիմի, որն առանձնապես առնչություն չունի նախորդների հետ։ Մենք պետք է հասկանանք, որ սա ամբողջովին նոր իրավիճակ է, նման չէ ո՛չ 1996-ին, ո՛չ 2008-ին։ Սրանք անհամեմատելի են։ Գուցե զուգահեռներ այս ժամանակների միջև կարելի է տանել, բայց համեմատել սրանք որակական առումով՝ չի կարելի:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728