Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ չէին կարող քննության խորթ մեթոդներ, ճնշումներ ու բռնություններ կիրառվել: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ասվածի ապացույցն է այն, որ նա իրեն վնասող ոչ մի ցուցմունք չի տվել:
Կողմը գտնում է, որ ավելի արտոնյալ վիճակում գտնվող կասկածյալ կամ մեղադրյալ հնարավոր չէ պատկերացնել: Գործի նյութերին ծանոթանալուց հետո ակնհայտ երևում է, որ ամբաստանյալը բարձր հովանու ներքո է գտնվել և օգտվել է արտոնյալ կարգավիճակից: Մասնավորապես, թեև նա սպանության կասկածանքով բերման է ենթարկվել և դրա հետ միաժամանակ առգրավվել է նրա բջջային հեռախոսը, բայց ցուցմունքներից ու հեռախոսային զանգերի վերծանումներից երևում է, որ հեռախոսն առգրավելուց հետո նա կարողացել է իր հեռախոսով իր ընկերների ու հարազատների հետ խոսել:
Արտոնյալ կարգավիճակի մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբաստանյալի բնակարանում ու մեքենայում խուզարկության թույլտվության մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա ոստիկանները գնացել են ու խուզարկություն կատարել միայն բնակարանում, իսկ մեքենայում խուզարկությունը տեղի է ունեցել 3 օր անց: Ընդ որում մեքենայի բանալին ամբողջ ժամանակ գտնվել է ամբաստանյալի հոր՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի մոտ:
Ամբաստանյալի արտոնյալ վիճակի մասին է խոսում նաև այն, որ հակառակ հարազատների հետ տեսակցություններն արգելող քննիչի որոշման, ըստ մամուլի հրապարակման, ոստիկանապետը, հաշվի առնելով Սամվել Սարգսյանի ոստիկանության երկարատև աշխատող լինելու հանգամանքը, թույլատրել է նրան տեսակցել որդու հետ: Հայրը նաև կարողացել է մտնել քննչական բաժին և խոչընդոտել վկայի հարցաքննությանը. այս փաստի առթիվ հարուցված գործը գտնվում է դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Ս.Սարգսյանը 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժին և միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ, վկա Ա.Գրիգորյանին կոչ է արել և պահանջել, որ այլևս ցուցմունք չտա, չպատասխանի քննիչի հարցերին, չստորագրի որևէ փաստաթուղթ, որի հետևանքով Ա.Գրիգորյանն առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը` լքել է քննիչի աշխատասենյակը:
Կարդացեք նաև
Վարդուհի Էլբակյանն ընդգծեց նաև, որ տուժող կողմի դիրքորոշումը անփոփոխ է՝ մի շարք հարցեր կան, որոնք կարելի էր պարզել նախաքննության ընթացքում, ինչը չի արվել: Գործի նյութերից պարզ երևում է, որ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը «միանշանակ օգնող է ունեցել», ինչն էլ կողմը նպատակ ունի ապացուցել արդեն ընթացող դատաքննության ընթացքում: