Հիմնականում հայ քաղաքական-մտավորական-հասարակական էլիտան քննարկում է, թե ինչպես սխալվեց ժողովուրդը, ինչպես հերթական անգամ կխաբվի, իսկ արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցողը ընդհանրապես իշխանական սցենար չի, արդյ՞ոք՝ արդեն իսկ ժողովուրդը խաբված չէ, արդյո՞ք Րաֆֆին այն մարդն է, որ կարող է հասնել հաղթանակի։ Հնչում են կարծիքներ, որ նա ծրագիր չունի, գործ չի անում, հայերեն խոսել չգիտի, ճիշտ ուղերձ չի հղում։
Որոշ խմբեր էլ պարզապես տեղապտույտի մեջ են ընկել եւ այսօր երկրում կատարվող յուրաքանչյուր պրոցես, հնչող յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր ստորակետ համեմատում են 2008-ի հետ։ Այս բոլոր հարցերը բարձրաձայնվում են հիմնականում բացասական էլեմենտներով, եւ գերակշռող մոտեցումն այն է, որ եթե անգամ սա պրոեկտ չէ, մինեւնույնն է Րաֆֆին ունակ չէ ժողովրդական շարժումը առաջնորդելու, եւ դրա ղեկը որեւէ մեկը, կամ խումբ պետք է վերցնի նրա ձեռքից։ Ազնիվ նպատակներով, իհարկե, խեղճ, խաբված, տանջված հայ ժողովրդին՝ հերթական հիասթափությունից զերծ պահելու համար։ Առաջադեմ մտավորականները այս ընթացքում չեն խորշում անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ծաղրել, փնովել, կասկածի տակ դնել։
Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ որպես 2008 թվականի պրոցեսներին մոտ կանգնած մարդ, ես այս ամենը լսել էի այն ժամանակ։ Նույնը կատարվում էր այն ժամանակ՝ ժողովրդի իրական քվեն ստացած թեկնածուի շուրջ նրբերանգների տարբերությամբ։ Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են Սերժ Սարգսյանի պրոեկտ, այն ժամանակ Լետն Տեր-Պետրոսյանին համարում էին դրսի ուժերի պրոեկտ։ Հիմա էլ են զգուշացնում ժողովրդին՝ սպասվող հիասթափությունից, այն ժամանակ էլ էին դա անում։ Իսկ 2003-ի՞ն։ Հայ հասարակական, քաղաքական մտավորական շերտի քանի՞ տոկոսն էր 2003-ին համարում, որ Ստեփան Դեմիրճյանն այն մարդն է, որ կարող է պաշտպանել ժողովրդի քվեն, հասցնել իրական հաղթանակի։ Մյուս կողմից, սակայն, թե 2003-ին, թե 2008-ին, ինչպես հիմա որեւէ մեկը կասկածի տակ չէր դնում փաստը, որ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները եւ իրականում ընտրվել է ընդդիմադիր թեկնածուն։ Ու ստացվում է, որ ընտրությունից ընտրություն՝ Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու նպատակ հետապնդող միավորը միահամուռ կերպով ճանաչում է իշխանությունների «կեղծիքը», որի դեմ պայքարում է՝ մինչհւ հաջորդ ընտրություն ընկած ողջ ժամանակահատվածում, եւ չի ճանաչում ժողովրդի «ընտրությունը»: «Ընտրյալի» նկատմամբ բոլոր վերապահումները, սակայն, ունենում են բացառապես «ազնիվ, հայրենասիրական» մղումներ։
Իսկ ով է ասել, որ իշխանությունները այդ նույն մղումներից դրդված չեն ամեն անգամ կեղծում ընտրությունների արդյունքները։
Կարդացեք նաև
Հիմա, ինչպես ասացի, հիմնական մտայնությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չպետք է վստահել ժողովրդական շարժման ղեկը, եւ պետք է կանխել քաղաքացիների հերթական հիասթափությունն ու հուսալքությունը։ Ու դրա համար ոչ ոք չի ճանաչում նրան՝ որպես ընտրված նախագահ, այդպիսով ոտնահարելով ժողովրդի ձայնը։ Էհ սիրելիներս, բա իշխանության ներկայացուցիչներն էլ գտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չի կարելի վստահել պետության ղեկը, կրկին ոտնահարում են ժողովրդի ձայնը՝ ոչ միայն հիասթափությունից, այլ էլ ավելի մեծ արհավիրքներից պաշտպանելով նրան։ Դուք ժողովրդին «պաշտպանում եք» ձեր համոզմունքներից ելնելով եւ ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործելով, իշխանությունները՝ իրենք համոզմունքներից ելնելով, եւ իրենց ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործելով։ Ու քանի որ, թե դուք, թե իշխանությունները ընտրությունից ընտրություն ամենայն համերաշխությամբ «պաշտպանում եք» ժողովրդին՝ իր իսկ ընտրած նախագահից, իշխանությանն այլ բան չի մնում, քան վերարտադրվել, չի կարող չէ՞ երկիրը մնալ առանց,նախագահական ինստիտուտի։ Նախագահին ընտրում է ժողովուրդը, նա ինչպես արդեն ասվել է, իր գործն անում է՝ ընտրատեղամաս գնալով եւ քվեաթերթիկի վրա համապատասխան վանդակում նշանը դնելով (ավելի հեռուն էլ է գնում՝ դուրս գալով հրապարակ), սակայն դրանից հետո, ժողովուրդն իր «ընտրությունը» հանձնում է քաղաքական, հասարակական, մտավորական էլիտային, որը՝ կամ տեր է կանգնում այդ ընտրությանը, կամ դրա հետ անում այն, ինչ անում է արդեն տարիներ շարունակ։ Ու քանի դեռ մեր երկրում ընտրված նախագահը ճանաչվում է ըստ ճաշակի, կախված նրա բոյ-բուսաթից, առոգանությունից, անցյալում գործած սխալներից, հագած շորերից, դեմքի արտահայտությունից, շրջապատում գտնվող մարդկանցից, պատանեկության տարինե¬րին՝ ընտանիքի հասարակական դիրքից, իշխանությունը Հայաստանում վերարտադրվելու է, իշխանությունն ուղղակի, այլ տարբերակ չունի։ Ո՞ւմ հանձնի իշխանությունը, մեկին՝ ում կարողությունները, ազնվությունն ու մարդկային որակները հանրային քննարկմա՞ն են դրվում, ծաղրուծանակի՞ ենթարկվում։
Նույնը վերաբերում է նաեւ միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների ղեկավարներին, կազմակերպություններին։ ՀՀ-ում «չընտրված» նախագահին ուղղված՝ նրանց շնորհավորանքները ցասումով են ընդունվում, քննադատության արժանանում։ Իսկ կա՞ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, գրող, գիտնական, նկարիչ, որ այս տասը օրերի ընթացքում պաշտոնապես շնորհավորել է ընտրված նախագահին՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու համար, եւ այդպիսով ճանաչել այդ վստահության քվեն։ Չկա։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը չշնորհավորի չընտրված, բայց առնվազն պաշտոնական արդյունքներով հռչակված նախագահին, առավել եւս՝ ինչու պետք է շնորհավորի իսկապես ընտրվածին, երբ նրա ընտրությունը չի ճանաչվում հենց Հայաստանում։ Այդպես չի լինում, ոչ միայն Հայաստանի դեպքում, այլ աշխարհի ոչ մի երկրում:
Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Հարգելի հեղինակ, առաջադեմ մտավորականություն ասելով Դուք ում նկատի ունեք????:Այսօրվա գռեհիկաբան գրողներին?,իշխանություններից գոնե ,,մի մազ,,պոկել ցանկացող արվեստագետներին ու դրանց նմաններին?,թե շոու բիզնեսի ներկայացուցիչներին( չէ որ վերջիններս էլ իրենց դասում են մտավորականների շարքում.նույնիսկ պատգամավոր էլ ունեն): Ինչպես ասում են…..Огласите весь список …… пожалуйста:Դատելով մեր երկրում տեղի ունեցող անցուդարձերից,իսկական մտավորականների ձայնը խլացված է:Գուցե նրանք քիչ են,դա է պատճառը,չգիտեմ,սակայն այն,որ նրանք ուղղորդված կերպով հետին պլան են մղվում,դա փաստ է:Իսկ իսկական մտավորականները Ռաֆֆիին երբեք չէն ծաղրի,գանի որ գիտեն,և օբյեկտիվորեն գտնում են,որ նա ճիշտ է: