«Նախախորհրդարան քաղաքացիական շարժման » Գյումրու համակարգող Բաբկեն Մկրտչյանը հակադարձում է հանրապետականների հայտարարություններին
Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Սարդարապատ» ու «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամները վերլուծեցին հետընտրական զարգացումները ու ներկայացրեցին այլընտրանքային իշխանության ձևավորման շուրջ իրենց դիտարկումները:
Գյումրեցի Բաբկեն Մկրտչյանը, հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ նշեց, որ ինքը՝ որպես Հայաստանի ազատամիտ ու ոչ ստրկամիտ քաղաքացի, հպարտ է գյումրեցիներով ու շիրակցիներով, ովքեր ձախողման մատնեցին իշխող կուսակցությանը:
Այնուհետ նա անդրադարձավ հանրապետականների այն հայտարություններին, թե 500 հազար հոգի մոլորվել են: «Երեկ, առաջին օր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձում են անընդհատ ասել, որ 500 հազար հոգի մոլորվել են: Սրանց ի պատասխան` պետք է ցույց տանք օրինակներ, որ նույնիսկ անհատները մոլորված չեն և հստակ գիտակցում են, թե ինչ են անում: Ավելին , Հանրապետական կուսակցությունը, իմ կարծիքով, դա մոլորյալների խումբ է : Այսինքն, հետևելով Նժդեհի գաղափարախոսությանը` ընդհանրապես չհասկանալով Նժդեհից , իրոք սա մոլորյալների խումբ է: Սա իմ նման մտածող մարդկանց պատասխանն է նմաններին, ովքեր 500 հազար մարդականց անվանում են մոլորված մարդիկ», -նեղվեց Բաբկեն Մկրտչյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ