Իջեւանի զորամասի նախկին հրամանատարը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
2013թ. փետրվարի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան, դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան) որոշել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 13-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, մերժել դատախազության եւ տուժողի իրավահաջորդ Թ. Ենգիբարյանի վերաքննիչ բողոքները:
Նշենք, որ 2012թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով գնդապետ Ս. Կարապետյանին դատապարտել էր 6 տարվա, իսկ նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 3 տարվա ազատազրկման: Զինվորական դատախազ Ներսես Միսակյանը պահանջել էր Ս. Կարապետյանին դատապարտել 14 տարվա, իսկ Հ. Դալլաքյանին ՝4 տարվա ազատազրկման: Ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալներին:
Կարդացեք նաև
Պետական մեղադրողը Ս. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրել քրեական օրենսգրքի 5 հոդվածներով: Զոյա Զաքինյանը Ս. Կարապետյանին առաջադրված խուլիգանության եւ մարդու առեւանգման հոդվածներով նրան արդարացրել էր եւ համարել էր, որ նրան առաջադրված մնացած 3 հոդվածների՝ խոշտանգման, սպանության փորձի եւ պաշտոնական դիրքի չարաշահման՝ (375 հոդվածի 1-ին մաս) գործողությունները միասին վերցրած համապատասխանում են 375 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում) չափանիշներին: Գնդապետ Ս. Կարապետյանը դատապարտվեց միայն այդ հոդվածով:
3 տարվա ազատազրկման դատապարտված Հրանտ Դալլաքյանը կալանքի տակ չէր, նա համաներումով ազատվեց պատժի կրումից:
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննելով սույն գործով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ արարքը չի կարող խուլիգանություն որակվել, եթե այն կատարվել է ոչ հասարակական վայրում, հասարակության անդամների բացակայությամբ, եթե բացակայում են խուլիգանական մղումները: Վերաքննիչ դատարանը համարել է, որ Սերգեյ Կարապետյանի գործողություններում բացակայում է խուլիգանության հանցակազմը: ՀՀ Վերաքննիչ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:
Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմիջեցնող դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Այնտեղ տղաները ծեծվել եւ ահաբեկվել են, ահաբեկված երիտասարդները ցատկել են երկրորդ հարկում գտնվող Կարապետյանի աշխատասենյակից, 7 մետր բարձրությունից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ահա սս-ի գովերգած գնդապետը: