Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Քաջարանի քաղաքապետարան եւ հանդիպել քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Քաջարանում իր օգտին գրանցված 45 տոկոս ձայները կեղծված են, եւ հարց է ուղղել քաղաքապետին, թե արդյոք որեւէ մեկի կողմից արգելվե՞լ է բնակիչներին մասնակցել հանդիպմանը, քանի որ նույնիսկ պաշտոնական տվյալներով այդքան ձայն ուենալով հանդերձ, սակավաթիվ մարդ կա փողոցներում:
Վարդան Գեւորգյանը հավաստիացրեց, որ Քաջարանում անցկացվել են ժողովրդավար ընտրություններ եւ կեղծիքներ չեն եղել, ինչպես նաեւ շեշտեց, որ իր ղեկավարման 11 տարիների ընթացքում առաջին անգամ այլընտրանքային թեկնածուի օգտին քաղաքում նման բարձր ցուցանիշ է արձանագրվել: Իսկ փողոցներում մարդկանց չհանդիպելը քաղաքապետը պայմանավորեց մարդկանց աշխատանքային զբաղված գրաֆիկով, քանի որ Քաջարան քաղաքի բնակչության հիմնական մասն աշխատում է, եւ օրվա այդ ժամերին բնակիչներն աշխատանքի մեջ են գտնվում: «Եթե մենք պիտի արգելեինք մարդկանց դուրս գալ փողոց, էն գլխից այնպես կանեինք, որ 45 տոկոս ձայն չունենայիք: Քաջարան քաղաքի բնակչության 80 տոկոսն ապահովված է աշխատանքով, եւ բնակիչներն իրենց աշխատանքային պարտականութոյւններն են կատարում այս պահին: Օգտվելով առիթից` ես բոլոր քաջարանցիների անունից սրտանց ուզում եմ շնորհավորել ՀՀ վերընտրված նախագահ պարոն Սերժ Սարգսյանին եւ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասաց Վարդան Գեւորգյանը:
Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև