Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 679 միլիոն դրամ` գյուղանախարարությանը

Փետրվար 27,2013 23:29

Քանի դեռ գարնանային վարարումները չեն սկսել, հանրապետության 7 մարզերում գետերի ափերը կամրացվեն, հեղեղատարներն էլ կվերանորոգվեն:

Այս տարի գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մոտ 679 միլիոն 155 հազար դրամ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցա­ռումներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը, ըստ որի, վաղը կառավարությունը կհաստատի գումար հատկացնելու մասին որոշումը:

Գումար ստանալու համար կառավարություն ներկայացրած գյուղնախարարության հիմնավորման մեջ նշված է «Նախարարությանը հատկացված գումարների հաշվին կազմված հանրապետության գետերի ամենախոցելի 14 տեղամասերի ամրացման ու մաքրման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա նախատեսվող աշխատանքները մինչեւ սպասվող գարնանային վարարումները չիրականացնելու դեպքում, հեղեղաջրերն անկանխատեսելի ծանր հետեւանքներ կարող են թողնել բնակելի տների, հողատարածքների, որոշ տեղերում՝ նախկինում  վերականգնված արգելաթմբերի, ինչպես նաեւ ինժեներական այլ կառույցների ու շենք-շինությունների վրա»:

Գյուղանախարարության ներակայացրած փաստաթղթում նշված է, որ Ազատավան համայնքի տարածքում սահմանային փշալարերից ներս գտնվող Ազատ գետի կամուրջը վթարային վիճակում է, այն չվերակառուցելու դեպքում կարող է փլուզվել: Բացի այդ, կամրջի թողունակությունը բավականին փոքրացել է, ինչի հետեւանքով գարնանային վարարումների ժամանակ Ազատ գետի հեղեղաջրերն ողողում են հարակից տարածքները՝ խաթարելով սահմանապահների բնականոն ծառայությունը: Ըստ նույն փաստաթղթի, Փշատավան համայնքի տարածքում Արաքս գետի ափի շուրջ 100 մետր երկարությամբ հատվածն էլ է վթարային վիճակում, եւ եթե այն եւս չամրացվի, ապա սահմանամերձ տարածքն ու հողերը կողողվեն, ափապաշտպան արգելաթումբն էլ` կքանդվի, Ակնաշեն համայնքի տարածքում էլ քանդվել է Մեծամոր գետի ափի 40-45 մ հատվածը, որի պատճառով ափամերձ պտղատու այգիներն ենթակա են ողողման: Փակվել է նաև հողօգտագործողների՝ իրենց հողատարածքներ մուտքի միակ ճանապարհը: Բացի այս, փաստաթղթում եւս մի քանի համայքների ու գետերի անուններ է նշված, որտեղ հատկացված գումարով պետք է կանխեն գետերեի վարարումներից առաջացող վնասները:

«Նախագծի նպատակը մինչև 2013 թվականի գարնանային վարարումների սկիզբը Արաքս, Ազատ, Մեծամոր, Գեղարքունիք, Արգիճի, Ձորագետ, Կավարտ, Արփա, Աղստև գետերում, Մեծամորի, Խանջյանի, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող աշխատանքներն ավարտելն է»,-նշված է գյուղնախարարության ներկայացրած փաստաթղթում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728