Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի Դաշնային կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը և հանդես գալ հօգուտ Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի հետ Եվրամիության համագործակցության սերտացման:
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ խիզախ քայլերով կհաջողվի բարելավել Հայաստանի հարաբերություններն իր հարևան երկրների հետ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում:
Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում»,-ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Վստահ եմ, որ դուք հետամուտ կլինեք բարեփոխումների շարունակական գործընթացին, որին Դուք և Ձեր երկիրն արդեն իսկ հանձնառու եք` ապահովելու նրա ժողովրդավարական կայունությունը, ինչպես նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների լիարժեք հարգումը Հայաստանում:
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Ձեզ այդ ջանքերի իրականացման հարցում, մասնավորապես 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի շարունակական իրագործման միջոցով:
Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը և ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահությանը»,-ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուղերձում:
Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել Նախագահ Սարգսյանի հետ աշխատանքը` ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:
«Մենք հիմք ենք ընդունում միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները, որոնք փաստում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են անցել ու հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում և վստահ ենք, որ հետագա քայլեր կձեռնարկվեն բացթողումների լրացման ուղղությամբ»,-ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ևս շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ձե՛րդ Գերազանցություն,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և Ձեզ հղել մշտական հաջողության իմ լավագույն մաղթանքներն այս բարձր պաշտոնում մարտահրավերների հաղթահարման համար:
Համոզված եմ, որ Ձեր շարունակական աջակցությամբ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև առկա կայուն համագործակցությունը հետագայում առավել կզարգանա: Դուք կարող եք համոզված լինել, որ ես իմ կողմից այդ ուղղությամբ ջանք չեմ խնայի»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուղերձում:
Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
ՀՀ նախագահի աշխատակազմ