Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» առաջնորդն ամփոփում է 3 մարզերի բարեւարշավը

Փետրվար 27,2013 21:31

Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանի առաջարկը կքննարկի Սերժ Սարգսյանի հետ:

Սիսիանում Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Ամփոփելով Արմավիրի, Արարատի եւ Սյունիքի մարզերի հետընտրական հանդիպումները՝ նա նշեց, որ ինքն այդ այցելությունների ընթացքում ուժեղացել է. «Հայ ժողովուրդը հասկացել է, որ անկախ նրանից, որ աշխարհի չակերտյալ մեծերը շտապել են, թե չեն շտապել, նամակ ստորագրել են, թե չեն ստորագրել՝ իրենք սխալվել են, բայց  հայ ժողովուրդը դարձել է երկրի տերը: Այդ երկրի տիրությունը ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը՝ ոչ հայաստանցի, ոչ էլ օտար՝ խլի մեր ժողովրդից: Թույլ չեմ տալու՝ կյանքի գնով»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոնարհվեց ժողովրդի առջեւ, որովհետեւ նրա խոսքերով՝ ժողովուրդը փաստել է իր հաղթանակը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ նա նշեց մի արտահայտություն, որը վերջին 2 օրերի ընթացքում պարբերաբար նշում է՝ որպես մեսիջ՝ Սերժ Սարգսյանին. «Ես հանդիպեցի՝ քննարկելու համար այդ համազգային տագնապը հաղթահարելու ուղիները, ես զեկուցեցի, շատ շիտակ, ճշմարտախոս եւ շատ ամբողջական քաղաքական լուծումների իմ տեսլականը՝ մերժում  ստացա: Դա հարգելի է եւ հարգալից միջավայր է: Ներկա դրությամբ եթե որեւէ մեկը, այդ թվում նաեւ պարոն  Սարգսյանն ինձ ասելիք ունի՝ ես պատրաստ եմ լսելու: Ես հաղորդակցության , դեմ առ դեմ հայացք կիսելու կողմնակից եմ եւ պատրաստ եմ: Մինչեւ հիմա որեւէ այդպիսի առաջարկ չեմ ստացել»:

Թե ինչ ակնկալիք ունի վաղվա հանրահավաքից՝ պարոն Հովհանիսյանն ասաց, որ հանրահավաք չի գնում ակնկալիքով. «Ես հանրահավաքային մարդ չեմ: Ես գնում եմ պարզապես  հայ ժողովրդի վստահությունն արդարացնելու եւ հայ ժողովրդի հաղթանակը գրանցելու համար: Որքան Աստված կյանք տա ինձ, ես պիտի շարունակեմ այդ ճանապարհը:  Լավ կլինի ավելի շուտ, որ պարոն Սարգսյանը նույնպես ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը»:

Հարցին, թե վաղը ովքե՞ր են միանալու եւ ելույթ ունենալու հանրահավաքին՝ Րաֆֆի Հովհանիսյանն այսպիսի ակնարկ արեց. «Տեսակ կա, որ չի ուզում իմ անունը տալ: Ես ուրախ եմ, որ իմ անունը չեն տալիս: Զգում են, որ սա համաժողովրդական, սեփականատիրության պայքար է: Եվ ով զորակցում է, ով ուզում է մասնակցել, ելույթ ունենալ՝ սիրով»:

Ըստ Րաֆֆի Հովհանիսյանի՝ Գորիսում «վախի սպառնալիքը պարոն Լիսկայի կողմից այնքան մեծ է եղել, որ 0 քաղաքացի է եկել հանդիպման: Բայց անգամ պաշտոնական տվյալներով Գորիսն արձանագրեց 30 տոկոս: Հիմա դուք մտածեք՝ 0 մարդ հրապարակում, իսկ պաշտոնական կեղծված տվյալներով՝ 30 տոկոս: Կարծում եմ, ինքներդ այնքան իմաստություն ունեք հասկանալու համար, թե ինչ է կատարվում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հովիկ Աբրահամյանի առաջարկը պատրա՞ստ է ընդունել եւ կառավարության կազմում մի քանի պաշտոններ ստանձնել եւ մեծացնել ընդդիմության դերը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման առաջարկ չի ստացել եւ լրագրողները փոխանցում են, բայց լիազորություն չունեն իրեն նման առաջարկ անելու. «Եթե ինձ հետ խոսելիք ունի պարոն Սարգսյանը՝ սիրով կլսեմ: Ես իմ առաջարկներն արել եմ, զեկուցել եմ հասարակությանը, ինչպես իմ պարտքն է: Հիմա նման առաջարկ չկա օրակարգում: Եթե պարոն Սարգսյանը ունի այդ հանգուցալուծումը, ժողովրդի հաղթանակը հարգելու հրամայականը իրացնելու որեւէ առաջարկ, ես պատրաստ եմ թեթ ա թեթ (դեմ առ դեմ-խմբ.) իր հետ քննարկելու»:

Մի սիսիանցի Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավն ամփոփեց «հաջողով». «Ես գնացի քնելու, Րաֆֆի, բարի գիշեր»,-ասաց նա: Բարի գիշեր մաղթեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այժմ վերադառնում է Երեւան:

Լրագրողների հետ ճեպազրույցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Սիսիանում հեռարձակվել է «Սիվիլնեթի» ուղիղ եթերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728