Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի «մեսիջը»՝ Սերժ Սարգսյանին. «Միացեք մեզ»

Փետրվար 27,2013 20:57

Նա Սիսիանում քննադատեց գերտերությունների նախագահներին՝ ասելով, որ շտապել են եւ սխալվել են:

«Այս պայքարը կարող է տեւել մի օր, 1 շաբաթ, 1 ամիս եւ մի քիչ ավելի միգուցե: Որքան տեւի, դուք պատրաստ եղեք տեւական պայքարի, որովհետեւ սա մեր իրավունքն է»,- մեկ-երկու ժամ առաջ  Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանդիպումը հեռարձակվում էր «Սիվիլնեթի» ուղիղ եթերում:

Րաֆֆի Հովհաննիսյանը մի հետաքրքիր «մեսիջ» ուղարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բռնելով «Միացեք մեզ» կոչով եւ բռունցքի նշանով ցուցապաստառներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց. «Սա կոչ է բոլոր հայերին: Մենք որեւէ մեկի նկատմամբ չունենք ոխ կամ քեն: Հարգում եմ բոլոր նախագահներին,  անգամ մարզպետին: Բայց այլեւս  հայ մարդը, հայաստանցին, սիսիանցին Հայաստանում չի վախենում: Միացեք մեզ: Սա վերաբերում է ձեզ՝ պարոն Սարգսյան: Միայն, պարոն Սարգսյան, չուրանաք հայ ժողովրդի հաղթանակը, ընդունե՛ք: Հարգում ենք բոլորին՝ Օբամա է, Վլադիմիր Վլադիմիրովիչ է, մսյո Օլլանդ՝ Ֆրանսիայի նախագահ, երկու վեհափառները: Մի քիչ շտապել են, ոչինչ: Մեծ երկրների նախագահները մեկ-մեկ սխալվում են, շամպայնը շուտ են խմում: Բայց եթե իրենք ուզում են կեղծ իշխանությունը, ոչ լեգիտիմ իշխանություն ճանաչելով՝ զիջում կորզել Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման հարցում՝ իրենք չեն ստանալու այդ զիջումը: Հայ ժողովուրդն այլեւս զիջող չէ: Ազգային շահը, մեր պետության ինքնիշխանությունը տանելու ենք մինչեւ վերջ: Մենք հարգում ենք բոլորին՝ ՌԴ-ից մինչեւ Ամերիկա եւ Եվրոպա, բայց կարեւոր է, որ իրենք նաեւ մեզ հարգեն: Իսկ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ցույց տվեց աշխարհին, որ մենք մեզ հարգում ենք,մենք հաղթել ենք, այլեւս ոչ մի անգործություն, ոչ մի արտագաղթ: Սիսիանն ասում է, որ ազգային շահը իմն է: Միացեք մեզ, պարո՛ն Սարգսյան»:

Նա նաեւ նշեց, որ 2 ամիս առաջ ոչ մեկը չէր հավատում, բայց «ես հավատացի ձեզ, դուք հավատացիք ինձ եւ Սիսիանը հաղթանակ տարավ». «Վերջնախաղը տրվել է ոչ թե ժողովրդի դեմ, այլ ժողովրդի կողմից: Շախմատ՝ շախ եւ մատ: Սա մահ չէ, սա կյանքի սկիզբն է՝ մեր Հայաստանի համար, մեր օրենքի, իրավունքի, կրթօջախների անկախության համար, որ այլեւս ոչ մեկը չկուսակցականացնի մեր դպրոցը, մեր բանակը, մեր հիվանդանոցը: Նա, ով մեր բժշկին, ուսուցչին տանի դեպի կուսակցականացում՝ պատիժ է ստանալու: Սրանից հետո ով մի նամյոկով՝ ակնարկով մեր հայրենակցին վախեցնում է, հանում է գործից, կամ զրկում է տեղաշարժվելու իրավունքից, ինքը պատասխան է տալու անուն առ անուն: Հարգում եմ բոլորին, բայց ոչ մեկը չի՛ խնայվելու: Օրենքը կիրառվելու է բոլորի վրա՝ իմ վրա, Սերժի վրա, Լիսկայի՛ վրա»:

Նա հորդորեց նաեւ սիսիանցիներին իրեն հանկարծ նախագահ չասել. «Ես Րաֆֆի եմ եւ մինչեւ վերջ մնալու եմ Րաֆֆի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728